Նոյեմբերի 13-ին Նորալուսին է լինելու.Սկսվել է Լեոնիդների ասուպային հոսքը
12-11-2012 10:41:18 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայկական աստղագիտական ընկերության տեղեկացմամբ, նոյեմբերի 8-22-ը (առավելապես ուժեղ՝ 13-21-ը) դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Քանի որ նոյեմբերի 13-ին Նորալուսին է լինելու, ապա թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաեւ առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչեւ մի քանի վայրկյան երեւալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերեւույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, եւ միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերեւույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրեւ» կամ «աստղաթափ»:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ եւ երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի եւ կշռել մինչեւ 85 գրամ: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866-ին հայտնաբերված Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսավորից մնացած կտորների միջով Երկրի անցումով: Թեեւ սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33..25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, եւ այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչեւ 3000) ասուպ: Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ. եւ շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032 թվականին: Սակայն տարբեր տարիներին ասուպների աճ (ժամում մինչեւ 100-150) կարող է դիտվել եւ այլ տարիներին:
Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, եւ այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսքը, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել եւ չի բացատրվել:
Ինչպես եւ բոլոր երկնային մարմինները եւ երեւույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ, Երեւանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը: