Ավարտվեց Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը


Ավարտվեց Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

  • 19-11-2012 11:50:49   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երեկ կեսգիշերին ավարտվեց օգոստոսի 2-ին մեկնարկած "Orange Գրքի մրցանակ 2012" ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` բանաստեղծության, 39-ը` վեպ/վիպակ, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցույթին մասնակցում էին 130 ստեղծագործություն: Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր ժանրում կընտրվեն առավելագույնը երեք լավագույն գործերը, որոնք էլ կհայտարարվեն 2013թ. հունվարի 15-ին, Orange-ի պաշտոնական էջում: Այդ օրվանից բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով: 2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առանց քվեարկության արդյունքները, եւ կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաեւ ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից: Մրցույթի հաղթողները, ինչպես նաեւ ժյուրիի կողմից մրցանակի հավակնորդ ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգեւներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»: Հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ. փետրվարի 20-ին տեղի ունեցող մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով եւ ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ: Այս տարի առաջին անգամ Orange Գրքի մրցանակին կարող են հավակնել նաեւ Սփյուռքի` հայերեն լեզվով ստեղծագործողները: Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաեւ խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաեւ միանում է գրքի եւ ընթերցանության տոնին, քանի որ Երեւանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր