Հայաստանը ԵՄ-ում աջակիցների պակաս չունի


Հայաստանը ԵՄ-ում աջակիցների պակաս չունի

  • 26-11-2012 15:50:09   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

Մարատ Տերտերով
Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի հիմնադիր-տնօրեն (Բելգիա) Մարատ Տերտերովի՝ օրերս Երևանում կայացած՝ քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովին ներկայացրած զեկուցումն ուշագրավ էր: «Արդյո՞ք տնտեսական խթանները կարող են նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի փակուղու վերացմանը» թեման էր ընտրել քաղաքագետ-գիտնականը՝ առաջարկելով մի թեմա, որը տակավին քիչ է ուսումնասիրված: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
 
- Մենք մշտապես սևեռվել ենք քաղաքական խնդիրներին և քաղաքական մեկնաբանություններին՝ մոռանալով, որ պակաս կարևոր նշանակություն չունի տնտեսական խթանների խնդիրը, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ անպայմանորեն ունի իր տեղն ու դերը: Առաջին հերթին խոսենք փակուղու մասին: Այսօր ոմանք պնդում են, թե փակուղի հասկացությունը հորինված է, մինչդեռ Դուք նույնպես փաստում եք նրա գոյությունը:
 
- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն այսօր, այո´, գտնվում է փակուղային վիճակում: Վերջին երկու-երեք տարիների բանակցային գործընթացը վկայում է, որ կողմերը հայտնվել են անասելի ծանր պայմաններում՝ չունենալով առաջ գնալու, նոր գաղափարներ առաջարկելու հնարավորություն: Փակուղին, ուրեմն, ակնհայտ է: Իսկ սա նշանակում է, որ հակամարտության կարգավորումը ներկա ներուժով և սկզբունքներով, որոնք քննարկման մեջ են, այլևս անհնար է: Հարկավոր են նոր գաղափարներ և նոր սկզբունքներ, մանավանդ որ կողմերից ամեն մեկն առաջ է քաշում իր մոտեցումները, որոնք այդպես էլ չեն հանգեցնում կոնսենսուսի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանախագահողները ևս չունեն նոր ու գործնական առաջարկություններ: Սա դժվարացնում է խնդիրները, ձևավորում անընդունելի վիճակ և առավել խորացնում հակամարտությունը՝ այսպիսով նաև նախադրյալներ ստեղծելով ռազմական միջամտության համար, ինչին, բնականաբար, դեմ են Արևմուտքում: Այսօր բոլորի շահագրգռությունը մեկն է՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, ինչը կարող է ճակատագրական լինել ողջ տարածաշրջանի համար, քանի որ այստեղ հարաբերությունները չափազանց փխրուն են:
 
- Այս փակուղու «ձևավորման» թերևս մեջ առկա են որոշ խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև Հայաստանի տնտեսական վիճակով, Եվրամիության հետ ունեցած նրա հարաբերություններով: Եթե տարիներ առաջ Հայաստանը գրեթե մենակ էր կանգնած բոլոր մարտահրավերների առջև, ապա այսօր, փաստենք, աստիճանաբար ընդլայնվում են հարաբերությունները միջազգային կառույցների և հատկապես Եվրամիության հետ:
 
- Հայաստանը ԵՄ-ում աջակիցների պակաս չունի, և դա` շնորհիվ թե՛ սփյուռքյան կազմակերպությունների, թե՛ ԵՄ ինստիտուտներին աջակիցների թվում ընդգրկելու այլ միջոցների: Հայաստանի կերպարը մշակութային և պատմական տեսանկյունից ԵՄ-ում բավականին բարենպաստ է: Հայաստանի և Բրյուսելի միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանն օգտվում է ֆինանսավորման և աջակցման ծրագրերից: ԵՄ-ն տարբեր համաձայնագրերի միջոցով նաև աշխատում է Հայաստանն ինտեգրել եվրոպական ինստիտուցիոնալ տարածք: Ես չգիտեմ, թե բյուջեով այս ծրագրերի համար նորից հատկացումներ կան, թե ոչ, բայց առավել հավանական եմ համարում, որ դրանք կշարունակվեն, քանզի դրանց մեծ մասն ամրագրված է պարտադիր կատարման միջպետական համաձայնագրերում: Կարծում եմ, որ եվրոգոտու ճգնաժամը առավել լուրջ ազդեցություն է թողնում հենց ԵՄ անդամ երկրների վրա, քան թե այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է:
 
- Խոսենք տնտեսական խթանների մասին:
 
- Դրանք այսօր կարևորագույն տեղ են գրավում հակամարտության կարգավորման գործընթացների մեջ: Աշխարհը մշտապես կարևորում է տնտեսական հզորության բանաձևերը, առաջնությունը տալիս նրանց, ովքեր ձևավորում են կայուն տնտեսություն և նպաստում տնտեսական շրջագծերի ընդլայնումներին: Անշուշտ, հատկապես Ադրբեջանը շարունակում է ընկալվել իր տնտեսական ներուժով, հաճախ հաշվի են նստում ոչ այնքան օբյեկտիվ իրականության, հանգուցալուծման պատմական ու քաղաքական հայեցադրույթների հետ, որքան տնտեսական հզորության: Բայց հարկ է նշել, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տնտեսական խթաններին: Հայաստանն աստիճանաբար կանոնավորում է իր տնտեսական խնդիրները, այսօր որոշակի առաջընթաց գոյություն ունի նաև Լեռնային Ղարաբաղում: Տնտեսական շահի կարևորումը հիմնային առանցք չէ, բայց օժանդակող և աջակցող պայման է:
 
- Ձեր զեկուցման մեջ համակողմանիորեն ներկայացվեցին տնտեսական խթանների բոլոր ասպեկտները: Հուսանք, որ գիտաժողովի նյութերը հրապարակելուց հետո ձեր զեկուցումը ևս կարող է դառնալ այն կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը կարող են օգտագործել մեր դիվանագիտական շրջանակները:
 
- Այս համաժողովի գերնպատակներից մեկն էլ որոշակի հենքերի ձևավորումն էր: Ես ողջունում եմ այս գիտաժողովը, քանի որ այն հնարավորություն տվեց բազմակողմանիորեն քննարկել մեր բոլոր մարտահրավերները և նաև ներկայացնել գիտական ու քաղաքագիտական դիրքորոշումներ, որոնք անպայմանորեն նպաստելու են մարտահրավերների դեմ պայքարին:
 
- Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ այս համաժողովն իր առջև դրված խնդիրները լուծեց:
 
- Իհա´րկե: Թերևս առաջին անգամ մենք հնարավորություն ունեցանք համատեղ քննարկումների միջոցով մոտենալ մեզ հուզող խնդիրներին: Մենք տեղյակ էինք պաշտոնական կարծիքներին և նախաձեռնություններին, սակայն հարկ էր, որ ներկայացվեին նաև գիտական և վերլուծական մոտեցումներ: Ըստ այդմ՝ համաժողովը մեզ հնարավորություն տվեց արձանագրել մեկ կարևոր քայլ և մտածել հետագայի մասին...
 
Զրուցեց Լևոն Մութաֆյանը 
 
«Նորավանք» հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ