Աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ


Աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ

  • 03-12-2012 15:13:59   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով 
 
3-ը դեկտեմբերի, 2012թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ. Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով: 
 
Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրմադրվել են հետևյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պուլսօքսիմետր, շարժական թթվածնային  բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների  համար, տաքացվող  ներքնակ, արտածծիչ (սարքավորում արտածծման  համար):
 
Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:
 
«Սպիտակը Լոռու մարզի երկրորդ քաղաքն է, որն ընդգրկվել է նորածնային խնամքի ծրագրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվում է այն համոզմունքով, որ երկիրը դիտարկելիս, չպետք է սահմանափակվել մայրաքաղաքի հոգսերով, և որ կյանքի որակի հավասար հնարավորություններ ապահովելու համար` պետք է զարգանան նաև մարզերը: Այս նախագիծը ձեռնարկելու առաջին իսկ պահից գիտակցում էինք, որ մեզ մարտահրավերներով լի ճանապարh է սպասվում, սակայն  վճռական էինք, և մենք շարունակելու ենք  նախագիծն իրականացնել այնքան ժամանակ, մինչև վստահ լինենք, որ հատուկ հոգածության կարիք ունեցող յուրաքանչյուր նորածին ապահով է` հիվանդանոցներում տեղադրված անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երևանի և մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:
 
Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն