Հատուկ կայքեր՝ լսողության խանգարումներ ունեցողների համար


Հատուկ կայքեր՝ լսողության խանգարումներ ունեցողների համար

  • 03-12-2012 15:18:52   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Այսօր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեցին երկու վեբկայքեր, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով: Փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով, և ժեստերի լեզվի առկայությունը կայքում բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:
«Լսողության խանգարումներ ունեցող անձանց խնդիրները շատ կարևոր են Orange Հիմնադրամի համար, և մենք երջանիկ ենք աջակցել այսօրինակ նախաձեռնություններին, որոնք ավելի հեշտ ու հետաքրքիր են դարձնում մարդկանց այս խմբի կյանքը: Երկու կայքերն էլ ունեն շատ հետաքրքիր բովանդակություն լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են այս մարդկանց խնդիրներով: Ուրախ ենք տեսնել, որ ինտերնետը կարող է դրական փոփոխություններ բերել նման խնդիրներ ունեցող անձանց կյանքում», ասաց Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Կայքերից մեկը՝ www.deaflife.am-ը, ստեղծվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների և սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու և ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու և լսող հասարակությանն ինտեգրվելու համար: 
«Նախ խորին շնորհակալություն եմ հայտնում իմ և խուլ հասարակության անունից Orange Արմենիա հիմնադրամին՝ խուլերի կայքի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու, կրթահամալիրում համակարգչային սենյակ ստեղծելու, ինտերնետ կապով ապահովելու, ինչպես նաև տեսախցիկ և հեռուստացույց տրամադրելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակաշրջանում Deaflife կայքի ստեղծումը, դպրոցում ինտերնետ կապի ապահովումը շրջադարձային փոփոխություն է չլսող մարդկանց համար, ովքեր զրկված են ինֆորմացիան ինքնուրույն ստանալու հնարավորությունից: Սա, կարծում ենք ոչ թե չլսող մարդկանց, այլ լսող հասարակության խնդիրն է, որին յուրովի լուծում է տվել ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը Orange Արմենիա հիմնադրամի աջակցությամբ», ասաց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը:
Deaflife կայքի նյութերի հավաքագրմանն ու ներկայացմանն անմիջականորեն մասնակցել են ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն իրենց կարծիքներով, ցանկություններով ու առաջարկություններով:
Կայքը արժեքավոր է նաև նրանով, որ հասանելի է Խուլերի միավորման անդամ խուլ մեծահասակներին, մանուկներին և օգտակար է սոցիալական տարբեր խմբերի համար՝ չլսող երեխաների ծնողների, նրանց հետ աշխատող մանկավարժների և այլ շահագրգիռ աձանց՝ լսող և չլսող:
Մյուս կայքը՝ www.deaf.am-ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական և մշակութային առանձնահատկություններով: Այն միտված է ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկությունը, այլև խթանել լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալաին Տուհադյանն ասաց. «Բոլոր մարդիկ հավասար են իրենց անհատականությամբ և իրավունքներով, ուստի կայքի ստեղծման նախաձեռնությունը  մեր ներդրումն է լսողության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ խտրական վերաբերմունքի նվազեցման գործում»: 
Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային և տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման  և ուսման արդյունավետությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների առօրյան, և կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play