«Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների ամփոփում


«Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների ամփոփում

  • 13-12-2012 17:29:57   | Հայաստան  |  Բարեգործություն

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երեք երեխա կվերադառնա ընտանիք

Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքները
 
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: 
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են` համապատասխանաբար 175 300 ՀՀ դրամ և 298 900 ՀՀ դրամ: Ինչպես և նախորդ ամսիներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով հոկտեմբեր ամսվա համար 350 600 ՀՀ դրամ և նոյեմբեր ամսվա համար  597,800 ՀՀ դրամ: Հոկտեմբեր ամսվա  հանգանակված գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Երևանում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից և չորս երեխաներից: Մայրը` Անահիտը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 15 և 13-ամյա որդիներին ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում արագ սննդի պատրաստման համար անհրաժեշտ խոհարարական գործիքներ, ինչը թույլ կտա Անահիտին գումար վաստակել և երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը:
Նոյեմբեր ամսին հանգանակված գումարով Վորլդ Վիժն Հայաստանը կօգնի ևս մեկ ընտանիքի, որ բանակվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ընտանիքի հայրը՝ Սասունն առողջական լուրջ խնդիրներ ունի. տառապում է  տուբերկուլյոզով, իսկ մայրը՝ Աիդան, ով ընտանիքի հիմնական հոգացողն է, մշտական աշխատանք չունի և պարբերաբար գումար է վաստակում մասնավոր բնակարաններում մաքրություն անելով: Սասունն ու Աիդաննույնպես, բարդ սոցիալական պայմաններից դրդված` 15-ամյա որդուն ստիպված են եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին հանգանակված գումարով ընտանիքը կկարողանա ձեռք բերել ոչխարներ, ինչպես նաեւ՝ կեր սկզբնական շրջանի համար, ինչը հնարավորություն կտա նրանց հոգալու իրենց առօրյա ապրուստը և որդուն վերադարձնել ընտանիք: 
«Նախագծի մեկնարկից ի վեր ավելի քան 5900 բաժանորդ է նվիրատվություն կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Կոչ ենք անում մեր բաժանորդներին կրկին նվիրաբերել 100 կամ 500 դրամ, քանի որ դեկտեմբեր ամսվա հանգանակության արդյունքում կրկին մեկ հայ երեխա կվերադառնա ընտանիք»,- ասաց Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Orange-ի բաժանորդների հանգանակության և Orange Հիմնադրամի շնորհիվ մենք արդեն կարողացել ենք ընտանիք վերադարձնել 9 երեխայի` ստեղծելով եկամուտի աղբյուր նրանց ծնողների համար: Նախագծի նպատակն է ապահովել ընտանիքների կայուն զարգացումը, այլ ոչ թե տրամադրել ուղղակի դրամական աջակցություն.չէ որ փոքրիկ հանգանակությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվում տնտեսական կայունություն հաստատել ընտանիքներում», - ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը: 
Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին և հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ:
 «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտևի մինչև 2013թ. հունիս ամիսը: Այս ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հանգանակված գումարի, ինչպես նաև այն երեխաների և ընտանիքների մասին, ովքեր ընդգրկվել են նախագծում: 
Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով նախագծում ընդգրկված ընտանիքի անդամների ազգանունը և երեխաների անունները նշված չեն:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն