«Ազգ». «Արգելված գրքեր» շարքի տպագրությունը կհամալրվի


«Ազգ». «Արգելված գրքեր» շարքի տպագրությունը կհամալրվի

  • 28-03-2013 05:33:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

2012-ին «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնեց «Արգելված գրքեր» շարքի տպագրությունը, որի շրջանակում արդեն երեք գիրք լույս է տեսել` Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը» եւ Ջորջ Օրուելի «1984»-ը: Իսկ շուտով կհրատարակի եւս երեքը` Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», Միշել Վերբեկի «Տարրական մասնիկները» եւ Կամիլ լը Մոնիեի «Տղամարդու սերը»:

 
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ արգելված գրականություն ասելով` շատերը հասկանում են պոռնոգրաֆիա, ինչը թյուր կարծիք է: Նա օրինակ բերելով Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գիրքըՙ ասաց, որ այն արգելված գրականության ցանկում է, սակայն այս վեպում պոռնոգրաֆիական ոչ մի տեսարան չկա: Նշենք, որ գրքերի գինը տատանվում է 5000-6000 դրամի սահմանում:
 
Վերջերս Facebook սոցիալական կայքում «Անտարես» հրատարակչությունը նկար էր տարածել, որը վենագրված էր` «գիրք կարդալը սեքսուալ է»: Այդ միտքը հանրության մոտ բուռն քննարկումների առիթ տվեց` մեծամասամբ բացասական: Դրա առթիվ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դա գրել էինք ոչ թե ընթերցողների, այլ չընթերցողների համար, որը մի փոքրիկ հնարք էր: Եվ հետո, սեքսապիլ նշանակում է գրավիչ, իսկ գիրք կարդալը գրավիչ չէ» [*]:
 
Անդրադառնալով ընթերցանությունը խթանող միջոցներից մեկին` գովազդին, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մեր իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում` գիրք կարդալ չեմ սիրում, քաղաքականությամբ զբաղվելու համար գիրք ընթերցել պետք չէ, եւ մարդիկ մտածում են, որ չաղ ու բախտավոր ապրելու համար գիրք ընթերցել պետք չէ»: Ըստ նրա, ընթերցանությունը խթանող միակ փորձը պետական պաշտոնյայի կողմից այն էր, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը աշակերտների հետ հանդիպման ժամանակ գիրք կարդաց նրանց համար:
 
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ շարքում պետք է լինեն միայն գեղարվեստական արժեք ներկայացնող գրքեր եւ ավելացրեց, որ շուտով հրատարակչությունը նախաձեռնում է նաեւ ստեղծել «Չնոբելյան մրցանակակիրներ» շարք, որը ներկայացնելու է Նոբելյան մրցանակ այդպես էլ չստացած հեղինակների գործերը:
 
Արմեն Մարտիրոսյանը ցավով նշում է, որ ընթերցողների թիվը 90 տոկոսով նվազել է, որը երեւում է գրքերի վաճառքի քանակից:
 
Անդրադառնալով գրքի Աբովյան փողոցի գետնանցումում գտնվող տոնավաճառի փակման խնդրին` պարոն Մարտիրոսյանն ասաց, որ տարիներ շարունակ հայաստանյան հրատարակչական ընկերությունները տուժել է այդ «սեւ շուկայից» եւ ամենամեծ վտանգն այն էր, որ հրատարակչությունների կողմից հրատարակած գրքերի պատճենված տարբերակներն էին վաճառվում «սեւ շուկայում», ու ընթերցողն էլ հանցակից էր դառնում դրան:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը