Ծառայել Հայրենիքին


Ծառայել Հայրենիքին

  • 09-05-2013 19:13:11   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Վերնագիրը գրեցի այնպէս, ինչպէս գրում էր Արամ Հայկազը. Հայրենիք բառը՝ մեծատառով: Արամ Հայկազ հայի համար Հայրենիքը Արևմտեան Հայաստանն է, ծննդավայրը՝ հերոսական Շապին Գարահիսարը, որի ինքնապաշտպանութեանը մասնակցել է 15-ամեայ պատանին: Այդ օրերի մասին նա պատմելու է յետոյ, երբ զրկուած էր Հայրենիքից: 
 
Նիու Եորք քաղաքում ապրող Արամ Հայկազը հայ է. Հայրենիքը նրա արեան մէջ է, ապրելու ձեւն է, յիշողութիւնը, կսկիծը… Եթէ ուզում ես պեղել եւ հասկանալ հայի հոգեբանութիւնը, առատ նիւթ կը գտնես Արամ Հայկազի ստեղծագործութիւններում, նամակներում: Հայը տուն սիրող է: Տուն, որ Հայրենիքի մանրակերտն է եւ սրբավայրը. «Տունը ինծի համար, ինչպէս նաեւ քաղաքակիրթ մարդոց մեծամասնութեան, Արամ Հայկազի «Ապրող ծառ մը» եկեղեցիի չափ նուիրական վայր մըն է» («Կարօտ»): նորատիպ հատորի շապիկը Ուրեմն՝ տուն, ծառ, ծաղիկ, նաեւ հաց: Պատմուածքներից մէկում Հայկազը պատմում է, թէ ինչպէս է ամերիկան հսկայ խանութում տեսել ընտիր ցորեն, մի բուռ գրպանել, ցանել իր փոքրիկ պարտէզում՝ վարդերի ոտքերի տակ, ու օր օրի սպասել ու հրճուել դրանց մատղաշ ծիլերով («Կարօտ»): 
 
Տուն, ծառ, ծաղիկ, հաց, ընտանիք, զաւակներ. սրանք ցանկացած հայի փայփայած երազանքներն են, աւելին՝ նրա ապրելու, գոյատեւելու կերպը: Հայրենիքից հեռու էլ հայը ստեղծում է ապրելու իր գրաւականները, իր եւ ընտանիքի համար ապահովում Հայրենիքի գոյութիւնը: Արամ Հայկազն այսպէս է ծառայել Հայրենիքին: Նրա ծառայութիւնն սկսըւել է վաղուց՝ 1915-ի Յունիսից, երբ հայրենակիցների հետ մաքառում էր օսմանեան կանոնաւոր զօրաբանակի դէմ: 
 
Արամ Հայկազի օրինակով՝ մեր աչքի առջեւ յառնում է Եղեռն վերապրած հայի բոլորովին այլ որակ՝ մարտնչող, կռուող, մինչեւ վերջ չզիջող որակ, Հայի առնական տեսակ: Ահա «Մեր մնացորդացը» պատմուածքը: Ամերիկայում հաստատուած մարդը իր քրոջից նամակ է ստանում. արհաւիրքի օրերից յետոյ քոյրը դարձել է թուրքի կին եւ զաւակներ է ծնել: Եղբայրն առաջարկում է հրաժարուել զաւակներից ու գալ Ամերիկա: Սակայն հայուհին չի կարող իր զաւակներին ձգել եւ հեռանալ. մայր է… Այս առիթով Արամ Հայկազը մէկ այլ դէպք է պատմում, թէ կարդացել է մի հայուհու մասին, որը խեղդել է քրդից ծնուած իր նորածնին: Զաւակապաշտ Արամ Հայկազը սա չի հասկանում. ինչպէ՞ս թէ սպաննել սեփական զաւակին… Ու նա համոզում է իրեն նամակ գրող հային, որ վերահաստատի կապը քրոջ հետ։ Արամ Հայկազը ցաւով արձանագրում է. «…Հոն գտնուող տառապած այդ սրբուհիներուն փրկութեան համար կա՛մ բան մը չըրինք եւ կա՛մ չկրցինք ընել…»: Հայ տղամարդու հոգու ցաւ ու մղկտոց. չեն կարողացել պաշտպանել հայուհիներին: Եղեռնի օրերին ընդամէնը 15 տարեկան պատանին իր ողջ կեանքն ապրել է հասուն տղամարդուն վայել խոր ցաւով, որ չի կարողացել փրկել մօրն ու հայ կանանց, որոնց տառապանքն անվերջ է. «Քրիստոս անգամ միայն մէկ անգամ խաչուեցաւ: Հոս իր կեանքը ամենօրեայ խաչելութիւն մըն է» («Մեր մնացորդացը»): 
 
Ուրեմն՝ ծառայել Հայրենիքին, ծառայել ժողովրդին: Հեռաւոր Ամերիկայում օրուայ չարքաշ աշխատանքից յետոյ նա դարձեալ ծառայում էր Հայրենիքին՝ այս անգամ գրչով: Գրում էր հայրենի քաղաքի ԴոկԴոկտ. Մարգարիտ Խաչատրեան հերոսամարտի, քրդերի մէջ հարկադրաբար ապրելու, հաւատուրացութեան (մօր խնդրանքով), Պոլսի որբանոցի կեանքի, Կեդրոնական վարժարանում ուսանելու եւ իր ուսուցիչների, ինչպէս նաեւ եղբօր հրաւէրով Ամերիկա տեղափոխուելու, ընտանիքի, զաւակների ու թոռների, հարեւանների, նրանց ճակատագրերի մասին… 
 
Նամակներից տեղեկանում ենք, թէ ի՜նչ դժուարութեամբ է հրատարակել իր գրքերը: Բայց չի վարանել, քանի որ նրա նշանաբանը դեռ մանիւթյունից արեան հետ եկող համոզումն էր՝ ծառայել Հայրենիքին: Գրեթէ ողջ կեանքի ընթացքում առանց վարձ ստանալու ակնկալիքի աշխատակցում է հայկական տարբեր պարբերականների: Պարզւում է՝ Արամ Հայկազի նշանաբանով ապրող (փա՜ռք քեզ Աստուած) հայորդիներ այսօր էլ կան, ապրում են մեր կողքին, որոնք ընթերցողի սեղանին իրար յետեւից դնում են Արամ Հայկազի նամակաները, «Մոռացուած էջերը» (3 հատորով) եւ «Ապրող ծառ մը» վերնագրով պատմուածքների ժողովածուն: Բանասիրական գիտութիւնների դոկտոր Մարգարիտ Խաչատրեանը այս էլ քանի՜ տարի անխոնջօրէն ծառայում է հային եւ Հայրենիքին՝ բծախնդրօրէն կազմելով նախ՝ Համաստեղի, ապա՝ Արամ Հայկազի ստեղծագործութիւնների ժողովածուները՝ ծանօթագրելով, հակիրճ եւ սպառիչ տեղեկութիւններ տալով: 
 
Երախտագիտութեան խոսք պիտի ուղղել նաեւ խմբագիրներ Գէորգ Եազըջեանին, Հայկանուշ Մեսրոպեանին, սրբագրիչներ Տիրանուհի Մարգարեան-Կարապետեանին, Անահիտ Շահինեանին, ինչպէս նաեւ «Տիգրան Մեծ» եւ «Հայաստան» հրատարակչութիւնների աշխատակիցներին: Եթէ միայն ամէն հայ կարողանար ծառայել իր ժողովրդին եւ Հայրենիքին… 
 
Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն 
Ռամկավար Մամուլ Մայիս 9, 2013
 
 ԹԱՄԱՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ 
Նոյյան տապան  -   Վերլուծություն