Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ


Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

  • 23-07-2013 15:46:11   |   |  Բարեգործություն

Orange Հիմնադրամի և G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:
 
Գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել է պահածոյացման արտադրամաս և խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: 
 
Այս օրերին Լոռու մարզի Օձուն գյուղում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ Կարմիր Աղեկի բնակիչներն արդեն իսկ ներկայացան իրենց արտադրանքով՝ ցուցադրելով տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, չորացված խոտաբույսերի, կոմպոտների ու օղու մեծ տեսականին:
 
«Հայաստանի գյուղերի խնդիրներն Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Կարմիր Աղեկն արդեն երկրորդ գյուղն է, որտեղ Orange Հիմնադրամի աջակցությամբ տնտեսական նախագիծ է իրականացվում: Այն հավակնում է դառնալ կայուն և մշտական զարգացման հիմք գյուղի բնակիչների համար: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը: 
 
Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է  4,160,000 դրամ: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն