Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 24-09-2013 11:09:31   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը:
Ժողովի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը:
Ժողովն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, Տ. Արտավազդ արքեպիսկոպոս Թրթռյանի և Հայ Եկեղեցու բոլոր հանգուցյալ սպասավորների հոգիների հանգստության համար:Այնուհետև ներկաներին ողջունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հրավիրեց տիար Սերժ Սարգսյանին` իր ողջույնի խոսքն ուղղելու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներին: 
ՀՀ նախագահի ուղերձից հետո ժողովականներին եպիսկոպոսաց ժողովի առիթով դիմեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ
 
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գերաշնորհ Հայրեր.
Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ, որը, հավատում ենք, պիտի դառնա նոր հանգրվան մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին: 
Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դեպի եկեղեցական մեր կյանքի զորացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայությամբ պատվում է Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանը` կրկին հավաստելով Հայ Եկեղեցու առաքելությանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետության հարաբերությունները արդյունավորելու գործում իր պատրաստակամությունը: Ողջունում ենք նաև մասնակցությունը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: 
Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մեկտեղվել ենք հոգևոր-եկեղեցական մեր կյանքի առավել բարեկարգության տեսլականով, որի մարմնավորման համար կարևոր առաքելություն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնավորի ծիսական, կանոնական և դավանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատվությամբ Եպիսկոպոսաց սույն ժողովը  պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկա իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացյալ մեր հոտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորությամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն հուզող այլ խնդիրների ու մարտահրավերների: 
Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով: Գտնվելով տարբեր պետությունների կազմում` մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները գործել են հաճախ տարբեր, երբեմն` պարտադրված կանոնակարգերով: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունները առաջնորդվել են Ազգային Սահմանադրության դրույթներով, իսկ Ռուսական կայսրության իշխանության ներքո Ամենայն Հայոց Հայրապետությունը` Պոլոժենիայով: Մեր Եկեղեցու կյանքը և վարչական գործունեությունը ներազդվել են այս պայմաններից` տեղի տալով հաճախ տարակարծությունների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կյանքում օրակարգային են ավելի քան մեկ դար, հետաձգվել են կամ միայն մասամբ կարգավորվել: Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև ստեղծված լարված հարաբերությունները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նույնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի հապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի` հաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները: 
Գոհություն Աստծո, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփյուռս աշխարհի հոգևոր վերազարթոնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքը վերընձյուղվում է, խմորվում Ավետարանի լույսով` ամրորեն խարսխվելով հայրերի հավատքի, սրբազան ավանդության, կրոնական իմացության ու գիտելիքի վրա: Ձեռքբերումներ ունենք հոգևորականների ուսյալ նոր սերնդի պատրասման, եկեղեցաշինության, Ավետարանի քարոզության զորացման, քրիստոնեական կրթության ու դաստիարակության առաքելության մեջ: Այս հաջողություններով հանդերձ մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր, ինչպես նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրավունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնված օրենքների ու կանոնադրությունների բացակայության, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թյուրըմբռնումների ու կամայականության դրսևորումների` դժվարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կյանքի: Մեր Սուրբ Եկեղեցու գործունեությունն ու կյանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնավորապես գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրություն` եկեղեցական կառույցների, Նվիրապետական Աթոռների իրավասությունները, գործունեությունն ու փոխհարաբերությունները սահմանող: 
Մեր Եկեղեցու կյանքը վերելքի պիտի առաջնորդեն նաև` ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնեական դաստիարակության ասպարեզներում` ուսուցման արդյունավետ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի, ինչպես նաև` արդիական մտածողությամբ մեր Եկեղեցու վարդապետությանը հարազատ աստվածաբանական նոր աշխատությունների հրապարակումը: Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը: Տեղեկացնենք, որ այս նպատակով ամիսներ առաջ Մայր Աթոռում հաստատել ենք առանձին գրասենյակ: Եկեղեցին հուզող խնդիրների և անհրաժեշտությունների շարքում կուզենք հավելել նաև, որ շարունակում են խիստ պահանջ մնալ նոր սերնդի հոգևորականաց պատրաստությունը, եկեղեցիների կառուցումը, մեր հնագույն վանքերի ու եկեղեցիների նորոգությունը և վանական կյանքի կազմակերպումը: Այս ամենի իրագործման համար անհրաժեշտ են ազգիս համատեղ ջանքերը` հավատացյալից, հովվից մինչ հովվապետ: 
Հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու դերը իրապես բացառիկ է մեր ժողովրդի կյանքում, որը վկայված է պատմությամբ և այսօր արդարորեն ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ: Մեր Եկեղեցին ներշաղախ տիրավանդ իր կոչմանը` դարերի բովում առկայծ է պահել մեր ժողովրդի հոգում ազատության սերը, հայրենի պետականության տեսիլքը` հանդիման բազում վտանգների ու նեղությունների: «Վասն հաւատոյ»-ն եղել է նաև «վասն հայրենեաց» ու դարձել խորհուրդը մեր ինքնության և հարատևության: Այս գիտակցությամբ ու ոգով, ինչպես անցյալում, այնպես և այսօր, մեր Եկեղեցին ամեն կարելիությամբ մասնակից է հայրենի պետականաշինության նվիրական գործին: Այսօր բարեփոխման ընթացքների հետ Հայրենիքում տակավին առկա են հոգսեր, դժվարություններ: Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղության պայմաններում: Դեռ չեն հաղթահարվել աղքատությունն ու գործազրկությունը, մտահոգիչ է արտագաղթը: Այս հրամայականների առջև պարտքի ու պատասխանատվության մեր բաժինն ունենք` համախմբելու մեր ժողովրդին ու նեցուկ լինելու մեր պետությանը դժվարին խնդիրների լուծման գործում: Եկեղեցական մեր կառույցների  առավել կազմակերպմամբ և միասնական աշխատանքով ավելի պիտի զորանա մեր Եկեղեցու գործունեությունը, և կարող պիտի լինենք ի Հայրենիս և ի Սփյուռս լիովին վեր հանել մեր ժողովրդի ներուժը` ի խնդիր մեր երկրի առաջընթացի ու զարգացման, տնտեսական, ընկերային դժվարությունների հաղթահարման և Սփյուռքում բարձրացող հրամայականների դիմագրավման: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ հզոր, ամուր, անխոցելի պիտի լինի մեր Հայրենիքը, առավել պաշտպանված, ինքնավստահ և կենսունակ` հայ Սփյուռքը: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ արգասավոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և Հայոց Ցեղասպանության դատապարտման, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարության և պահանջատիրության զորեղ կոչ ողջ աշխարհին: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ ի զորու պիտի լինենք դիմակայելու մեր ազգին պատուհասող փորձություններին, դժվարություններին ու նեղություններին, ինչպիսիք այսօր ծառացել են մեր ժողովրդի կյանքում Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում: Շարունակվող հակամարտության հետևանքով սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տերը, կրկին Մեր հորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հավատավոր մեր զավակների հետ ամեն կարելիությամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժվարությունները հաղթահարելու համար:
Մեր միասնականության բարի արդյունքներով շեն ու պայծառ պիտի պահենք Սփյուռքի հայ կյանքը, որի խնդիրներին Ձեզանից շատերը քաջատեղյակ են` անձնապես կրելով այդ մտահոգությունները: Այսօր հաճախ ենք խոսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզվի իմացության նահանջի, հոգևոր և ազգային կյանքում երատասարդության ներգրավվածության նվազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականության քաջալերող իրականությունը, երբ ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները Սփյուռքում այլևս իբրև հարգված ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կյանքը ավելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զավակաց համար: Մեր Եկեղեցին առավել արդյունավետությամբ պիտի ծառայեցնի այդ հնարավորությունները մեր ժողովրդին հավատքով, ազգային գիտակցությամբ, մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությամբ կենսունակ պահելու գործին: Հոգևոր արժեքներով ներշաղախ ազգային կյանքի մեջ մեր ժողովուրդը, մասնավորապես` երիտասարդությունը, պիտի գտնի իր հարցերի պատասխանները, Աստծուն հավատարիմ իր անսայթաք ուղին, իր երջանկությունը և պիտի շարունակի ապրել ազգային ինքնությամբ` իր ուժերը, իր տեսիլքները բազմապատկելով մեր ազատ Հայրենիքից առնվող զորությամբ:
Քսանմեկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նվաճումների հետ բերել է նաև բարոյական արժեքների անկում, մարդու իրավունքների ճիշտ ընկալման աղճատում, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարում, որոնցից, ցավոք, զերծ չմնաց նաև ազգային մեր կյանքը, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրավել մեր ժողովրդի և հատկապես` երիտասարդության հոգում քաջարթուն պահելով սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրությունը հանդեպ մեր հայրերի սուրբ հավատքը և ազգային ավանդները: Մեր Եկեղեցին, իբրև Տիրոջ շնորհաց առատաբուխ աղբյուր, պիտի ոռոգի մեր կյանքի անդաստանները, հոգևոր լույսով նորոգի ու պայծառացնի բարեպաշտ հոգին մեր ժողովրդի և հաստատուն պահի  արդարության, ճշմարտության, մարդասիրության արժեքների մեջ, որոնցով պիտի բարգավաճեն, բարիով ու բարիքով լցվեն մեր երկիրն ու համայն հայ կյանքը: Մեր առաքելությունը մեկն է` հովվել և առաջնորդել մեր ժողովրդին դեպի փրկություն, պահպանել Աստծո և հայրենյաց սիրո մեջ, որպեսզի ապրենք և հարատևենք իբրև Տիրոջ սեփական և ընտրյալ ժողովուրդ ու Եկեղեցի: 
Սիրելի հոգևոր հայրեր, ահա եկեղեցական ոլորտում և ազգային կյանքում այն խնդիրները և գործունեության առաջնահերթությունները, որ ցանկացանք առանձնացնել, և որոնց վճռումն ու իրականացումը մեր Եկեղեցին Աստծո օրհնությամբ պիտի առաջնորդեն լիաշունչ և արգասավոր առաքելության: Մեր ժողովուրդը մեզ հետ է Հայ Եկեղեցու հանդեպ իր անխախտ նվիրումով, Եկեղեցին զորացնելու ջերմ զգացումով, և մեր ջանքերը արձագանք պիտի գտնեն հավատցյալ մեր զավակների հոգում` աջակցություն բերելու պատրաստակամությամբ:
Առ Աստված աղոթքով հայցում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին և բերում առաքյալի հորդորը. «Եղբայրներ, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով,... այն խորհեցեք:... Եվ խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ© 4©8-9): 
Թող Տերը խաղաղություն պարգևի աշխարհին, պատերազմական դժվարություններ կրող ժողովուրդներին, Իր բարի հայացքի ներքո անխռով պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` Նվիրապետական Աթոռներով ու սպասավորներով, պարգևելով հոգևոր առաջընթաց ու բարօրություն:
Բարի ընթացք մեր աշխատանքներին:
 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՊԱՏԳԱՄԸ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻՆ
 
 
Հայրապետական օրհնութեամբ ու քրիստոնէական ջերմ սիրով կ’ողջունենք Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Սերժ Սարգսեանը: Եղբայրական ջերմ սիրով կ’ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական օրհնութեամբ ու հայրական ջերմ սիրով կÿողջունենք հայ եկեղեցւոյ Գերաշնորհ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք հաւաքուած են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ հրաւէրով երկու Վեհափառ Հայրապետներուն, անոնց օրհնութեամբ ու ներկայութեամբ միասնաբար աղօթելու, միասնաբար խորհրդակցելու եւ որոնելու հայ եկեղեցին դէպի ներքին բարեկարգութիւն առաջնորդող ազդու միջոցներն ու ճիշդ ճամբաները: 
 
Արդարեւ, պատմական կարելի է որակել եպիսկոպոսաց ներկայ ժողովը. Պատմական` մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը ներկայացնող իր հանգամանքով, պատմական` բազմազան ու այլազան մարտահրաւէրներով լեցուն մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքի ներկայ վճռական հանգրուանին իր կայացումով, պատմական` մանաւանդ իր առաջադրած վեհ նպատակով: Արդ, ա°յս պատասխանատուութեամբ ու նախանձախնդրութեամբ հարկ է մօտենալ ներկայ ժողովին: Մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի հաւաքական կեանքին մէջ փայլուն նոր էջ մը բանալու յանձնառութեամբ հարկ է մասնակից դառնալ Եպիսկոպոսաց Ժողովի աշխատանքներուն: 
 
Եօթերորդ դարուն Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոս Վարդավառի տօնին խորապէս կը վրդովի ի տես եկեղեցիէն ներս կատարուող աններդաշնակ ծիսակատարութեան: Այս դառն փորձառութիւնը, Հայրապետը կը մղէ գումարելու Դուինի երկրորդ ժողովը, 648–ին, եւ հաստատելու շարք մը կանոններ հայ եկեղեցւոյ ծիսական, բարոյական ու դաւանաբանական մարզերուն առնչուած: Եթէ այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկինքէն իջնելով շրջէր մեր եկեղեցիներէն ներս, վստահաբար դա°րձեալ պիտի ընդվզէր տեսնելով մեր եկեղեցւոյ պարզած վատառողջ վիճակը...: 
 
Պատմութեան ընթացքին մեր հայրապետներուն կողմէ եղան բազմաթիւ նախաձեռնութիւններ հայ եկեղեցին բարեկարգելու առաջնորդող: Մեր եկեղեցւոյ պատմութիւնը լեցուն է եկեղեցւոյ կեանքի զանազան բնագաւառներուն առնչուած կանոններով, սկզբունքներով եւ ուսուցումներով: Սակայն այնքան արմատական ու արագ փոփոխութիւններ տեղի ունեցան ընկերութեան կեանքին մէջ, որ այսօր, փաստօրէն հսկայ վիհ մը գոյացած է մեր հայրերու հաստատած կանոններուն ու ներկայ ժամանակներու մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն միջեւ: Մեր պատմութեան վերջին դարերու պայմանները, երբ մեր ժողովուրդին ու հայրենիքին գոյութիւնը խնդրոյ առարկայ դարձած էր, չներեցին, որ մեր եկեղեցին լծուի բարեկարգչական ծրագրուած ու համապարփակ աշխատանքի: Այսօր, հազար փառք կու տանք Աստուծոյ, որ մեզի այս եզակի պատեհութիւնը ընծայեց երկու Վեհափառ Հայրապետներուն նախաձեռնութեամբ ու առաջնորդութեամբ եւ մեր եկեղեցւոյ եպիսկոպոսներուն մասնակցութեամբ լծուելու ծիսական բարեկարգութեան  այնքան հրամայական գործընթացքին: 
 
Ի՞նչ կը հասկնանք «բարեկարգութիւն» ըսելով.– սոսկ անցեալի աւանդութեանց վերականգնո՞ւմը, մեր եկեղեցւոյ ծիսական կարգին վերադասաւորո՞ւմը կամ կրճատո՞ւմը, լոկ լեզուի փոփոխութիւնը, եւ կամ ծիսական նոր համակարգի մը հաստատումը` մեր կեանքին ներկայ դրուածքին պատշաճող: Հարցադրումներ, որոնք պէտք է կատարուին իրապաշտ մօտեցումով. հարցեր, որոնք պէտք է քննարկուին քննական ոգիով Եպիսկոպոսաց Ժողովի ծիրէն ներս: 
 
Մեր հայեցողութեամբ, բարեկարգութիւնը ըստ էութեան պէտք է ըմբռնել որպէս եկեղեցւոյ կեանքին ու մտածողութեան, վկայութեան ու առաքելութեան վերարժեւորումը, վերանորոգումը ու վերակենսաւորումը: 1961–ին Կաթոլիկ եկեղեցին գումարեց Վատիկանի Երկրորդ Ժողովը` եկեղեցին նոր ժամանակներու պատշաճեցնելու ու բարեկարգելու (Յովհաննէս 23 Պապին բառով` աճիօրնամէնթօ) առաջադրութեամբ: Արդարեւ, եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի: Եկեղեցւոյ բարեկարգութիւնը ու վերանորոգումը պէտք է սկսի ծէսով, որովհետեւ եկեղեցւոյ կեանքի բոլոր տարածքներուն, բնագաւառներուն ու արտայայտութիւններուն մէջ, ներառեալ եկեղեցւոյ աստուածաբանական մտածողութիւնը ու դաւանաբանական ուսուցումները, ծէսը կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունի: 
 
Անհրաժեշտ է սակայն, որ մեր եկեղեցւոյ ծիսական կեանքը բարեկարգելու ձգտող մեր աշխատանքը կատարուի մեր եկեղեցւոյ ինքնահասկացողութեան խորքին վրայ: Արդարեւ, ոմանք հայ եկեղեցին կը նկատեն լոկ հոգեւոր կառոյց, ուրիշներ` ազգային հաստատութիւն: Աշխարհականներու գործօն ներկայութիւնը մեր եկեղեցիէն ներս ոմանք տարօրինակ կը գտնեն, ուրիշներ` բնական. ոմանք հոգեւորականներու ազդու դերակատարութիւնը կը նկատեն դրական, ուրիշներª անընդունելի: Այս հակադիր մօտեցումները տեսական կամ պարագայական չեն: Անոնք սերտօրէն առնչուած են մեր եկեղեցւոյ պատմական զարգացման հոլովոյթին: Այսպէս, Արեւելեան Հայաստանի  մէջ, պոլոժէնիայի հաստատումով եւ հետագայ քաղաքական պայմաններու յառաջացումով, մեր եկեղեցւոյ կեանքին ու առաքելութեան մէջ հոգեւորականը գրաւեց առանցքային տեղ: Իսկ Կիլիկիոյ մէջ, Ազգ. Սահմանադրութեան հաստատումով եւ սփիւռքեան բոլորովին տարբեր պայմաններու ստեղծումով եկեղեցւոյ կեանքին մէջ աշխարհական դասը դարձաւ կարեւոր ներկայութիւն: 
 
Հայ եկեղեցւոյ ինքնահասկացողութեան այս տարբեր շեշտաւորումները, որոնք նաեւ ձեւաւորեցին տարբեր գործելակերպեր ու մտածելակերպեր, անհրաժեշտ է որ ներդաշնակուին պատմութեան ընթացքին կազմաւորուած մեր եկեղեցւոյ հարազատ ինքնաճանաչման հետ, որ իր մէջ կը պարփակէր մեր ժողովուրդի ամբողջականութիւնըª հոգեւորականը ու աշխարհականը իրենց իւրայատուկ դերերով: Այս իրողութենէն մեկնելով Հայ եկեղեցւոյ բարեկարգչական բոլոր ժողովներուն, հոգեւորականներու կարգին իրենց մասնակցութիւնը բերած են նաեւ մտաւորականներ, նախարարներ ու նոյնիսկ զօրավարներ: Հետեւաբար, մեր ժողովուրդի զաւակներուն մասնակցութիւնը ներկայ գործընթացքին, յատկապէս երբ մեր ժողովուրդին կեանքին հետ անմիջականօրէն աղերս ունեցող հարցերու քննարկումը կը կատարուի, կը նկատենք հրամայական: Մեր ժողովուրդը իր եկեղեցին յուզող հարցերուն նկատմամբ ըսելիք եւ ընելիք ունի, պէտ է ունենայ:  
 
Մեր խորհրդակցութիւններուն ընթացքին անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ հետեւեալ կաեւոր երեւոյթը: Պայմաններու պարտադրանքով, մեր եկեղեցւոյ հաստատութենական ու վարչակազմակերպչական երեսը աւելի շեշտուեցաւ` ի հեճուկս անոր ժողովրդակեդրոն նկարագրին ու ազգային դերը լուսարձակի տակ առնուեցաւ` ի հեճուկս անոր հոգեւոր միջուկին: Անկասկած, ընկերութեան կեանքին մէջ ինքզինք արտայայտող եկեղեցին կարիքը ունի վարչակազմակերպչական դրութեան, ինքնարտայայտման կերպերու ու իր գոյատեւումը ապահովող կառոյցներու: Սակայն եկեղեցին իր էութեամբ հոգեւոր ու բարոյական արժէքներով ու ճշմարտութիւններով շաղախուած ժողովուրդի համայնական կեանքն է: Եկեղեցի շինելը բնականաբար կարեւոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ աւելի կարեւոր է: Հո´ս է եկեղեցւոյ գոյութեան պատճառը, անոր առաքելութեան կիզակէտը: Հետեւաբար, եկեղեցւոյ կեանքին առնչուած ոեւէ մէկ դրութիւն, կառոյց կամ երեւոյթ, ներառեալ ծէսը ինքնակեդրոն ու ինքնանպատակ չէ: Եկեղեցւոյ ինքնաարտայայտութեան կերպերը պէտք չէ շփոթել եկեղեցւոյ կոչումին հետ:  Եկեղեցին աստուածատուր առաքելութիւն է իր գոյութեամբ ու էութեամբ, իր ծառայութեամբ ու կոչումով: Մեր եկեղեցւոյ առաքելութեան մէջ հոգեւոր ու ազգային տարածքները պէտք է սերտօրէն ներդաշնակուին: Մեր աշխատանքին յստակ նպատակը պէտք է ըլլայ եկեղեցւոյ առաքելութիւնը վերակենսաւորել ու զայն մեր ժողովուրդի կեանքին մէջ կենսագործել: Այս հեռանկարով կ’ուզենք ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.–
 
1) Անհրաժեշտ է Եպիսկոպոսաց Ժողովը վերածել հաւաքական գործընթացքի, ո°չ սոսկ հերթական նիստեր գումարող մնայուն կառոյցի, հարկ եղած պարագային մասնակցութեամբ նաեւ մեր եկեղեցւոյ նուիրապետական այլ աստիճաններու պատկանող հոգեւորականներուն, նո´յնիսկ աշխարհական մասնագէտներուն` համաձայն քննարկուելիք նիւթերու բնոյթին ու տարողութեան: Յիշեալ գործընթացքին հիմնական աշխատանքը պէտք է կատարուի մասնագիտական յանձնախումբերու կողմէ, ուր ուսումնասիրութիւններու ու քննարկումներու կողքին յատուկ տեղ պէտք է յատկացուի մեզ շրջապատող ներկայ պայմաններէն եկող մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն: 
 
2) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ անցեալի աւանդութիւններուն` միաժամանակ զանոնք դարձնելով համահունչ ներկայ ժամանակներուն: Աւանդութիւնը եկեղեցւոյ կեանքին մէջ  կենսական է. ան ժողովուրդի մը ներքին ապրումներուն ու ձգտումներուն արտայայտութիւնն է, ուր մշակոյթը ու միջավայրը բնականաբար իրենց կարեւոր դերը ունին: Ձեր հայրերու աւանդութիւնը պինդ բռնեցէք (2 Թես. 2. 15), կ’ըսէ Առաքեալը: Հետեւաբար, հարկ է ըլլալ աւանդապահ սակայն ո°չ աւանդամոլ: Անհրաժեշտ է մեր աւանդութիւնները վերանորոգել ու ձեւաւորել այնպիսի կերպով, որ դառնան ներդաշնակ  մեր ներկայ իրականութեան: 
 
3) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ համաքրիստոնէական արժէքներուն, սկզբունքներուն ու աւանդութիւններուն` միաժամանակ ըլլալով նախանձախնդիր հայ եկեղեցւոյ իւրայատուկ ինքնութեան: Ա´յս սկզբունքէն մեկնելով իրենց ուղղութիւնը առած են մեր եկեղեցւոյ բոլոր բարեկարգչական շարժումները, մեր հայրերու որդեգրած դաւանաբանական կեցուածքները եւ ծաւալած աստուածաբանական երկխօսութիւնները օտար եկեղեցիներուն հետ: Ներկայ ժամանակներուն, երբ մեր եկեղեցին ամէնօրեայ յարաբերութեան մէջ է այլ եկեղեցիներու հետ, անհրաժեշտ է որ մեր եկեղեցւոյ ծիսական, աստուածաբանական ու դաւանաբանական մարզերուն առնչուած իւրայատկութիւնները պահենք անխախտ, միաժամանակ ամուր պահելով մեր համաքրիստոնէական արմատները: 
 
4) Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ ամբողջականութեան ու միութեան անվթար պահպանման` միաժամանակ ոչ–հիմնական հարցերուն գծով զգայնութիւն ու ճկունութիւն ցուցաբերելով տեղական իւրայատուկ պայմաններուն նկատմամբ: Այսօր երբ մէկը շրջագայի մեր եկեղեցիներէն ներս, ինքզինք դէմ յանդիման պիտի գտնէ ակնյայտ հակասութիւններու ու տարբերութիւններու` յատկապէս արարողական ձեւերուն, ծիսական աւանդութիւններուն ու երաժշտական եղանակներուն կապուած: Արդարեւ, տասնամեակներու ընթացքին իւրաքանչիւր Նուիրապետական Աթոռ, իւրաքանչիւր առաջնորդ, նոյնիսկ իւրաքանչիւր ծխատէր քահանայ իր «բարեկարգութիւն»ը կատարած է, եւ ընդհանրապէս պարագայական կերպով, այսպէս ստեղծելով խառնաշփոթ կացութիւն մեր եկեղեցիէն ներս: Հայ եկեղեցւոյ աշխարհացրիւ ներկայութիւնը եւս իր ժխտական հետեւանքները ունեցած է այս ուղղութեամբ: Արդ, անհրաժեշտ է կատարել յստակեցում, սրբագրում, դասաւորում ու զտումª մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը վերաշեշտող: 
 
Յաջողութեան ճամբան կը սկսի ինքնաքննադատութեամբ: Մեր վէրքերը ճիշդ տեսնելու եւ ցաւերը ճիշդ զգալու  քաջութիւնը պէտք է ունենանք: Սակայն, սիրելի´ Սրբազան հայրեր, միաժամանակ պէտք է ըլլալ իրապաշտ: Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը, ինչպէս նաեւ հինին վերանորոգումը կը կարօտի երկար, տքնաջան ու հետեւողական աշխատանքի: Եպիսկոպոսաց ժողովին կողմէ կատարուելիք աշխատանքէն շատ աւելի դժուար պիտի ըլլայ առնուած որոշումներուն գործադրութիւնը թեմական եւ ծխային մակարդակներու վրայ: Հետեւաբար, դիւրին աշխատանքի չէ որ կը ձեռնարկենք: Պէտք չէ սակայն յուսալքուինք: Սուրբ Հոգւոյ ներգործութեամբ զօրացած, մեր եկեղեցւոյ առաքելութեան նկատմամբ մեր ունեցած յանձնառութեամբ ամրապնդուած ու եղբայրական ջերմ սիրով գօտեպնդուած միա°սնաբար պիտի լծուինք այս նուիրական աշխատանքին` վերանորոգ հաւատքով եւ բարձրագոյն աստիճանի պատասխանատուութեամբ: Ա´յս կը սպասէ մեզմէ մեր եկեղեցին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն