Հարութ Սասունյան.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատի տալու ավելի լայն հնարավորություններ է ընձեռում


Հարութ Սասունյան.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատի տալու ավելի լայն հնարավորություններ է ընձեռում

  • 12-10-2013 13:09:17   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Թեև հաճախ է խոսվում Արդարադատության միջազգային դատարանում (Միջազգային դատարան) Թուրքիայի դեմ հայկական պահանջատիրության հետապնդման մասին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայց ներկայացնելու հնարավորությունը հազվադեպ է նշվում՝ չնայած վերջինիս բացահայտ առավելություններին:
Այս երկու դատարանների միջև եղած հիմնական տարբերությունն այն է, որ միայն կառավարությունները կարող են դատական հայց ներկայացնել Միջազգային դատարան, մինչդեռ ցանկացած անձ, խումբ կամ պետություն կարող է դիմել ՄԻԵԴ՝ հայերին անհամար հնարավորություններ տալով թուրքական պետության դեմ հայցեր ներկայացնելու համար: Հայցվորները մինչ ՄԻԵԴ դիմելը պետք է սպառեն բոլոր ներպետական միջոցները և լինեն Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից, որն ընդգրկում է Հայաստանը և Թուրքիան:
Պատահական չէ, որ Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում գործեր են հարուցվել, քանի որ միայն վերջին երկուսուկես տարում ավելի քան 20 հազար բողոք է ներկայացվել այդ երկրի դեմ: Հակառակ տարածված կարծիքի՝ Թուրքիան այլընտրանք չունի, քան հնազանդվել ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներին, եթե ցանկանում է պահպանել իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում: Սրանով է բացատրվում, թե ինչու է Անկարայի կառավարությունը ջանասիրաբար վճարում տասնյակ միլիոնավոր դոլարներ հայցվորներին՝ ՄԻԵԴ-ում հարյուրավոր դատեր կորցնելուց հետո:
Վառ օրինակ է ՄԻԵԴ-ի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, որով դատարանը պարտադրեց Թուրքիային վճարել ավելի քան 5 միլիոն եվրո (մոտ 7 միլիոն դոլար) Յանիս և Եվանգելոս Ֆոկաս հույն եղբայրներին, որոնք ապրում են Հունաստանի Կատերինի քաղաքում: Թուրքական դատարաններն արգելել էին նրանց ժառանգել իրենց քրոջ՝ Պոլիկսենի Պիստիկայի շենքերը Թուրքիայում՝ ազգությամբ հույն լինելու պատճառով: 
Ֆոկաս եղբայրներն իրենց դատական հայցում պնդել էին, որ «իրենք զրկվել էին Ստամբուլի Բեյողլու թաղամասում գտնվող սեփականությունից և երեք անշարժ գույքից, այն է՝ երեք շենք և հողամաս, որոնք օրենքով ժառանգել էին իրենց քրոջից»: Բռնագրավված գույքը բաղկացած էր ութ հարկանի շենքից՝ 3.3 միլիոն եվրո, վեց հարկանի շենքից՝ 1.4 միլիոն եվրո և չորս հարկանի շենքից՝ 400 հազար եվրո արժողությամբ, որոնք գնահատվել էին Ստամբուլի անշարժ գույքի գործակալության կողմից: 
ՄԻԵԴ-ը վճռեց, որ թուրքական դատարանների «մերժումը՝ ճանաչելու հայցվորների կարգավիճակը որպես ժառանգորդներ, հանդիսանում է միջամտություն իրենց ունեցվածքից անարգել օգտվելու նրանց իրավունքին, և որ նման միջամտությունն անհամատեղելի է օրինականության սկզբունքների հետ .... Հետևաբար, հայցվորների ճանաչումը որպես Պոլիկսենի Պիստիկայի ժառանգորդներ .... նրանց կդնի մի այնպիսի դրության մեջ, որում նրանք կլինեին, եթե Պետությունը [Թուրքիան] չբռնագրավեր հանգուցյալի գույքը.... Այս հանգամանքներում, նյութական վնասի փոխհատուցումը, թվում է, որ առավել նպատակահարմար արդար հատուցումն է (տե՛ս «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի», թիվ 19558/02 և  27904/02, <<<<16-17, 8 հունվարի, 2008 թ.): Դատարանը գտնում է, որ նման վճիռն սկզբունքորեն համապատասխանում է այն գումարին, որ հայցվորները կարող էին ակնկալել օրինական ձևով ստանալ որպես փոխհատուցում իրենց գույքի կորստի համար, եթե լիներ մի մեխանիզմ նման փոխհատուցում պահանջելու համար»:  
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը, Եվրոպական դատարանը վճռեց հույն եղբայրներին հատկացնել 5 միլիոն եվրո, նրանց  բռնագրավված անշարժ գույքի դիմաց, ինչպես նաև փոխհատուցելով նրանց «տառապանքների ու հիասթափության համար, որ հայցվորներն ունեցել են տարիներ շարունակ չկարողանալով օգտագործել իրենց սեփականությունը»: Դատարանը պարտավորեցրել էր Թուրքիայի կառավարությանը երեք ամսվա ընթացքում հայցվորներին վճարել փոխհատուցման գումարը:
Հիշատակված՝ «Նաջարյանը և Տերյանն ընդդեմ Թուրքիայի» գործում, ՄԻԵԴ-ը վճռել էր, որ թուրքական դատարանները խախտել էին նաև Երան-Ժանետ Նաջարյանի և Արմեն Տերյանի իրավունքները, պնդելով, որ նրանք, որպես Հունաստանի քաղաքացիներ, չեն կարող ժառանգել իրենց մահացած ազգականի ունեցվածքը Թուրքիայում, «այն հիմքով, որ Հունաստանի և Թուրքիայի միջև փոխադարձության համաձայնություն չկար»: ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր ճանաչեց և 500 հազար եվրո գումար հատկացրեց հունահայ երկու հայցվորներին:
Հուլիսին Երևանում կայացած հայ իրավաբանների միջազգային համաժողովում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց փորձագետների հանձնախմբի ստեղծումը՝ ուսումնասիրելու համար Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու իրավական հիմքերը՝ Հայոց ցեղասպանության հետևանքով ահռելի վնասները հատուցելու նպատակով: 
Հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ն Եվրոպայի խորհրդի հայցվորների համար շատ ավելի լայն հնարավորություններ է ապահովում, քան Միջազգային դատարանը, իրավաբանների նորաստեղծ հայկական հանձնախումբը պետք է իր աշխատանքի ծիրն ավելի ընդլայնի, ուսումնասիրելով Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպես նաև ազգային և միջազգային դատարաններում:
 
Հարութ Սասունյան 
 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն