Երևանում անցկացվում է Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը


Երևանում անցկացվում է Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը

  • 19-03-2014 18:23:12   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միավորումը մարտի 19-ից 22-ը Երևանում անցկացնում են Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:
 
Փառատոնի բացումը կկայանա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ արտադրության ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան/: 
 
Այս տարի փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին, որին մասնակցում են Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից և Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Յեժի Լիմոնը, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնեժկո-Միստերեկը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, Նոյսի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիրցը /Գերմանիա/, Դյուլայի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շանդոր Յոզեֆ Գեդեոնը /Հունգարիա/, Կրայովայի շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորոգինան /Ռումինիա/, Կրայովայի շեքսպիրյան փառատոնի և «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչե Կորնիստեանուն, Օստրավայի շեքսպիրյան ամառային փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն /Չեխիա/, Բաթի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Փարրը /Միացյալ Թագավորություն/, «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Ռոման Էնգելսը /Դանիա/:
 
Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
 
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում /Երևան/ կցուցադրվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ «Լիր արքա», իսկ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում /Երևան/՝ «Հուլիոս Կեսար» ներկայացումները:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ