Մեկնարկել են «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերը
15-04-2014 18:17:45 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկել են «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում:
«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ 14 տարեկանից բարձր պատանիների և մեծահասակների համար:
Առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում կծանոթանան Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին, այնուհետև ծրագրերը կշարունակվեն կենտրոնի Ստեղծագործական սրահում: Այստեղ «Կախարդական լաբիրինթ»-ի մասնակիցները, ներշնչված Հունդերթվասերի արվեստից, կստեղծեն իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր: «Քաղաք Հունդերթվասեր» ծրագրի ընթացքում, որն իրականացվում է «Ուրբանլաբ Երևան» ճարտարապետական գրասենյակի հետ համատեղ, մասնակիցներին կներկայացվի տեսանյութ Հունդերթվասերի ճարտարապետական կառույցների մասին: Ներշնչված ավստրիացի արվեստագետի ճարտարապետական և բնապահպանական մոտեցումներից՝ հաջորդիվ, մասնակիցները կստեղծեն իրենց յուրահատուկ «Քաղաք Հունդերթվասեր»-ի մանրակերտները:
«Ծրագրերը մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու կենտրոնի անմիջական և ստեղծագործ մթնոլորտը», - մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ծրագրերին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34:
«Կախարդական լաբիրինթ»-ի հերթական ծրագիրը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, իսկ «Քաղաք Հունդերթվասեր»-ը՝ ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում 2014թ. մարտի 20-ին բացվեց «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն: Նկարիչ, ճարտարապետ և բնապահպան Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000) անկասկած 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի վառ և հակասական կերպարներից է, ում մշակութային տեսլականը պայքար էր հասարակության ահագնացող սպառնալիքների դեմ, արվեստը՝ ելք դեպի բնության հետ ներդաշնակ, ավելի գեղեցիկ աշխարհ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000: