Նիկոլայ Հովհաննիսյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատությունը թարգմանվել է պարսկերեն


Նիկոլայ Հովհաննիսյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատությունը թարգմանվել է պարսկերեն

  • 08-05-2014 15:49:55   | Հայաստան  |  Նոր գրքեր

Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պրո‎ֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է, որոնց մի մասը օտար լեզուներով հրատարակված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Թուրքիայում: Վերջերս Թեհրանում պարսկերեն լեզվով լույս տեսավ նրա նոր աշխատությունը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երիտթուրքերի 1919-1920 թթ. դատավարության վճռի լույսի ներքո» վերնագրով՝ թեհրանաբնակ Գարուն Սարգսյանի թարգմանությամբ: 
Դատավարությունը կազմակերպել էր Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և երիտթուրքական ոճրագործ ղեկավարների փախուստից հետո ստեղծված թուրքական նոր կառավարությունը և իրականացվել օսմանյան սուլթան Վահիէդդին VI հրամանով ստեղծված երեք Ռազմական արտակարգ ատյանների կողմից:
Աշխատությունը գրված է դատական նիստերի արձանագրությունների, մեղադրական կողմի եզրակացությունների, ականատեսների վկայությունների և պաշտոնական այլ նյութերի մանրազնին ուսումնասիրության հիման վրա: Առաջին ատյանում լսվել է երիտթուրքական բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ և ներքին գործերի նախարար Թալեաթի, զինվորական նախարար Էնվերի, ռազմածովային նախարար Ջեմալի և երիտթուրքական մյուս ոճրագործ առաջին դեմքերի  հարցը, որոնք մեղադրվում էին երկու ծանր հանցանքերի մեջ: Նրանց առաջին հանցանքն այն էր, որ նրանք ներգրավել էին Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ առանց այդ հարցը օսմանյան պառլամենտում քննարկելու և նրա համաձայնությունը ստանալու, ինչպես պահանջում էր օսմանյան սահմանադրությունը, և երկրորդ՝ արևմտահայությանը ծրագրված կերպով ոչնչացնելու ու բռնի տեղահանության համար: 1919 թ. հուլիսի 5-ին հրապարակվեց Առաջին ռազմական արտակարգ դատարանի վերդիկտը՝ վճիռը, Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Նազիմին, Սայիդ Հալիմին, Շաքիր Բեհաէդդինին, Ազմիին, թվով 11 ոճրագործների, մահվան դատապարտելու վերաբերյալ: Մեղադրականում ասված էր. «Հայերի տեղահանության ընթացքում՝ տարբեր ժամանակներում և զանազան բնակավայրերում տեղի ունեցած հանցագործությունները և դրանց քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրագործվել են «Հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով և գաղտնի հրամաններով: Լիովին ապացուցված է, որ այդ կոտորածները տեղի են ունեցել Թալեաթ, Էնվեր և Ջեմալ բեյերի անմիջական հրամաններով և գիտությամբ»:
Ելնելով երիտթուրքական բարձրագույն ղեկավարությանը մահվան դատապարտելու վերաբերյալ օսմանյան դատարանի վերդիկտից, պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հանգում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է նորովի մոտեցում դրսևորել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա հիմնավորում է այն տեսակետը, որ օսմանյան դատարանի վերդիկտը հանդիսանում է Հայոց ցեղասպանության փաստի ընդունում՝ դատաիրավական մակարդակով և այդ վերդիկտը լեգիտիմ ուժ ունի: Միաժամանակ նա այն տեսակետն է հայտնում, որ Օսմանյան պետությունը ոչ միայն առաջին պետությունն է, որ իրագործել է XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին պետությունն է, որ ճանաչել է այդ ցեղասպանությունը: Հետևաբար, ըստ հայ գիտնականի,  արդի Թուրքիայի կառավարությունից պետք է պահանջել ոչ թե ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա արդեն ճանաչվել է 1919 թ., այլ ընդունել իր նախորդի՝ օսմանյան պետության, որի իրավահաջորդն է նա, կառավարության դատաիրավական մակարդակով ընդունված որոշումն այդ հարցի վերաբերյալ:
Կարծում ենք, որ  հարկ է նաև ըստ արժանվույն գնահատել իրանական իշխանությունների դիրքորոշումը, որոնք որևէ խոչընդոտ չեն հարուցել հայ գիտնականի տվյալ ուսումնասիրությունը պարսկերեն հրատարակելու ճանապարհին: 
Կցանկանայինք ընթերցողին տեղյակ պահել, որ դա միջազգային մեծ համբավ ունեցող հայ ականավոր արևելագետ-արաբագետ Ն.Հովհաննիսյանի առաջին աշխատությունը չէ, որ թարգմանվում և հրատարակվում է Իրանում: Նույն Գարուն Սարգսյանի թարգմանությամբ  2009 թ. Թեհրանում պարսկերեն հրատարակվել է նրա «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» մենագրությունը (311 էջ), իսկ պարսիկ արաբագետ-իսլամագետներ Մահմուդ Ահմադիի և Թորաջ Խոսրավիի արաբերենից պարսկերեն կատարված թարգմանությամբ 2013 թ. Թեհրանում հրատարակվել է նրա «Արաբների և հայերի հարաբերությունները հնագույն շրջանից մինչև այսօր» մենագրական հետազոտությունը: Նա հեղինակն է «Հայոց ցեղասպանություն. Հայասպանություն-ամենացեղասպան ցեղասպանություն. Աշխարհի տասը լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն» (856 էջ) իր նախադեպը չունեցող կոթողային աշխատության:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր