Հարութ Սասունյան.Ինչո՞ւ ՄԱԿ-ը մերժեց Թուրքիայի անդամակցությունը Անվտանգության խորհրդին
28-10-2014 11:09:51 | ԱՄՆ | Վերլուծություն
Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբ մերժեց նրա դիմումը Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում:
Թուրքիայի նոր արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեծամտաբար կանխատեսում էին այդ հեղինակավոր աթոռի ապահովումն իրենց երկրի համար: Քվեարկության նախորդ գիշերը Չավուշօղլուն ճոխ խնջույք էր կազմակերպել ՄԱԿ-ի դեսպանների համար Նյու Յորքի աշխարհահռչակ «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում:
Արտգործնախարար Չավուշօղլուն ՄԱԿ-ի պատվիրակներին անձամբ լոբբինգ անելու համար Նյու Յորքում մի քանի օր անցկացնելուց հետո, լավատեսորեն հայտնեց լրատվամիջոցներին. «Կարծում ենք, որ մեր բոլոր հիանալի ջանքերը, Աստծո շնորհքով, իրենց արտացոլումը կունենան վաղվա քվեարկության վրա: Իհարկե, սա քվեարկություն է, ամեն տեսակ արդյունք կարող է լինել: Սակայն, կարծում ենք, որ Աստծո կամոք, մենք կստանանք մեր կատարած աշխատանքի արդյունքը»:
Վարչապետ Դավութօղլուն նույնքան լավատես էր, որ Թուրքիան կարող է հասնել «պատմական հաղթանակի»: ՄԱԿ-ի քվեարկությունից ընդամենը երկու օր առաջ նա հպարտությամբ հայտարարեց «Եթե ընտրվենք, իսկ մենք հավատում ենք, որ դրա հավանականությունը շատ մեծ է, ապա մենք կլինենք առաջին երկիրն աշխարհում, որը երկրորդ անգամ է ընտրվում հինգ տարվա ընդմիջումից հետո: Սա ցույց է տալիս Թուրքիայի կարևորությունը»:
Ի դժբախտություն թուրք ղեկավարների՝ նրանց սպասումները չարդարացան: Չնայած Չավուշօղլուի ակտիվ քարոզչական ջանքերին և աստվածային միջամտության բուռն ցանկությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 193 անդամ պետություններից միայն 60-ը քվեարկեցին Թուրքիայի օգտին, իսկ նրա մրցակից Իսպանիան ստացավ 132 քվե՝ ընդգրկվելով Անվտանգության խորհրդում որպես ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով:
Ինչո՞ւ այս տարի Թուրքիան կորցրեց 151 քվեների կեսից ավելին, որը ստացել էր 2008 թվականին Անվտանգության խորհրդի անդամակցության հաջող դիմումի ընթացքում: Ահա Թուրքիայի այս անգամվա ձախողման հիմնական պատճառները.
- Թուրքիայի անդամակցության դեմ մեծ թվով երկրների եռանդուն քարոզարշավը. ի թիվս այլոց՝ Հայաստան, Կիպրոս, Եգիպտոս, Հունաստան, Իսրայել, Սիրիա և Սաուդյան Արաբիա:
- Նախագահ Էրդողանի բուռն հակամարտությունը հզոր թուրք իսլամական կրոնապետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որի հետևանքով Թուրքիան կորցրեց մի շարք աֆրիկյան երկրների ձայները, որտեղ Գյուլենի հետևորդները մեծ ներկայություն ունեն: Սա լուրջ տեղաշարժ է 2008 թվականից հետո, երբ Գյուլենի կողմնակիցները մեծ թվով ձայներ էին ապահովել Թուրքիայի համար:
- Թուրք ղեկավարների երկրորդ անգամ դիմելու անհեռատես որոշումը՝ 2009-2010 թթ. Անվտանգության խորհրդում ընտրվելուց կարճ ժամանակ անց: Թուրքիայի վերընտրությունը կզրկեր այլ երկրներին ՄԱԿ-ի այդ կարևորագույն մարմնին անդամակցելու առիթից:
- Դավութօղլուի մեծամիտ նեոօսմանյան նկրտումները թշնամացրին մերձավորարևելյան երկրների մեծ մասին, շրջելով նրա «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը դեպի զրո հարևաններ՝ առանց խնդիրների… Pew հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունը հաստատում է, որ Թուրքիայի անբաղձալի վարկանիշն ամբողջ Մերձավոր Արևելքում իջել է աննախադեպ ցածր մակարդակի:
- Էրդողանի բռնապետական իշխանությունն իր երկրում, այդ թվում՝ ցուցարարների արյունոտ ճնշումը Գեզի այգում, լրագրողների բանտարկումը և «Թվիթեր» ու «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցերի արգելափակումը: Նրա արհամարհական խոսքերը՝ «Ես թքած ունեմ, թե ինչ կասի միջազգային հանրությունը», զայրացրել էին անթիվ մարդկանց համայն աշխարհում: Թուրքիայի դեմ քվեարկությունը՝ ՄԱԿ-ի անդամների պատասխան կշտամբանքն էր Էրդողանին: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Էրդողանի ամբարտավան ելույթի ժամանակ պատվիրակների մեծ մասը լքեց դահլիճը:
- Լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի հետ՝ ԻԼԻՀ-ի դեմ պատերազմում աջակցելուց հրաժարվելու և քուրդ քաղաքացիներին չպաշտպանելու շուրջ, որոնց օտարերկրյա ջիհադականները կոտորում են Թուրքիայի սահմանից մի քայլ այն կողմ: Ի պատասխան, աշխարհի ամենազդեցիկ մեկնաբանները կոչ արեցին Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից և մերժել նրա՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը: Դժգոհ լինելով Թուրքիայի թշնամական դիրքորոշումից, նախագահ Օբաման, Անկարայում ԱՄՆ դեսպանատան շատ ցածր մի պաշտոնյայի ուղարկեց Էրդողանի նախագահական երդման արարողությանը օգոստոսի 28-ին:
Անտեսելով Անվտանգության խորհրդում Թուրքիայի ձախողման այս բոլոր տրամաբանական պատճառները, արտգործնախարար Չավուշօղլուն իր երկրի պարտությունը կեղծորեն պատճառաբանեց այն բանով, թե չի ցանկացել ոտնակոխել «Թուրքիայի արժեքները հանուն առավել ձայների»: Այս ծիծաղելի հայտարարությամբ հանդես է գալիս այնպիսի մի երկրի արտգործնախարարը, որը միլիոնավոր դոլարներ է լցրել ամբողջ աշխարհի փոքրիկ կղզի-պետությունների և աֆրիկյան աղքատ երկրների գանձարանները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրանց ձայները գնելու համար:
Վերջապես, Անվտանգության խորհրդում ընդգրկվելու ձախողումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները՝ շահագործելու ՄԱԿ-ի հզոր կառույցը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ համաշխարհային միջոցառումները խոչընդոտելու համար: