Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը


Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը

  • 18-11-2014 15:45:43   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում են «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը: Այն մեկնարկում է 2014թ. նոյեմբերի 18-ին և կավարտվի 2015թ.-ի փետրվարի 25-ին:
«Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է WebԾիրան համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարևոր այս իրադարձություն շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է` առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն և ազատում հովանավորներ փնտրելու ինչպես նաև արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակ՝ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու և պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքերի վրա հրավիրելու համար: Հավատարիմ մնալով երիտասարդությանը մշակութային նախաձեռնություններում աջակցելու քաղաքականությանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում երիտասարդ հայ ֆիլմարտադրողներին իրենց ծրագրերի իրականացման հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 400 000 ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ մյուս մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:
Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի, նաև` հատուկ դիպլոմի:
«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:
«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ:
«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն) սահմանափակումների:
Ֆիմերը, «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, պետք է ներկայացնել DVD կրիչով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում (գրասենյակի հասցեն` Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):
Ֆիլմերը կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:
«Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնն այս տարի արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը:
Ծրագրում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:
Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ տեսահոսթինգային որևէ պորտալում դրանց հղումները հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, կցելով հեղինակի մասին համառոտ տեղեկություն, գործող բջջային հեռախոսահամար և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից` իր պատասխանատվությամբ: Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կստանա հատուկ մրցանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ