Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ


Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ

  • 22-12-2014 16:04:27   | Վայոց ձորի մարզ  |  Բարեգործություն

 
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման 
հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և 
ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող 
հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Պարույր Սևակ գյուղի 
մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման 
համակարգ: Շնորհանդեսը կայացավ գյուղի մանկապարտեզում, որն ունի 2 սենյակ և 16 երեխա: 
Միջոցառման հյուրերն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի 
հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը: 
 
«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ Երկրագունդը պետք է սիրել և պահպանել, 
քանի որ այն ոչ թե ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: 
Բնությունն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պետք է խնայողաբար օգտագործենք 
դրանք՝ հնարավորության դեպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս 
տարբերակներ: Արդեն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղետների պատճառներն 
ու դրանց հետևանքների լրջությունը, և բազմաթիվ երկրներ պատասխանատու մոտեցում են 
ցուցաբերում շրջակա միջավայրի հանդեպ` օգտվելով այլընտրանքային էներգիայի 
աղբյուրներից: Սա ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ մարդկության պայքարը պետք է լինի, և 
միանալով դրան՝ մեկ անգամ ևս հավաստում ենք մեր քաղաքակիրթ և գիտակից մոտեցումը»,-
ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, 
յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 
70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ 
շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: 
Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 300 լիտր 
տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր 
պոմպով: Բացի այդ, մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման էլեկտրական կաթսա՝ 15KW 
հզորությամբ և ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով: 
Մանկապարտեզում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ 
և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-
ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ 
սպասվում է նաև մանկապարտեզ հաճախող երեխաների քանակի աճ: 
 
Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան 
անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է 
տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաև Ադրբեջանից: 
 
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին  
 
Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն 
ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ 
ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր 
Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու 
բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին 
այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային 
ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի 
որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և 
էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների 
տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու 
սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և 
մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի 
երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական 
ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության 
պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին 
կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և 
համայնքների զարգացմանը: 
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է 
Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության 
պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ 
հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն 
առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն 
հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, ինչը նախապայման է Հայաստանի 
դրական զարգացման: 
 
Մեդիա տեղեկատու 
Ագնեսա Կարապետյան, ծրագրի համակարգող, 093219618, agnesa.karapetyan@fpwc.org 
Սյուզաննա Պետրոսյան, FPWC լրատվական բաժին, 077933772, syuzanna.petrosyan@fpwc.org 
Գրանցման համար նախապես զանգահարել FPWC գրասենյակ, հեռ. 010 585884 կամ 010 555209 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն