Հարութ Սասունյան.Հրատապ լուր. Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում


Հարութ Սասունյան.Հրատապ լուր. Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում

  • 27-12-2014 12:05:24   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Այս հոդվածում առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
 
Որոշ ընթերցողներ կարող են հարց տալ, թե ինչպե՞ս է մի կին՝ «Էլլ» (Elle) ամսագրի նկարագրությամբ, ունենալով «շլացուցիչ տեսք և շքեղ մազեր, կրելով բաց հագուստներ, նորաձև տաբատներ, գույնզգույն կրունկներ», ներգրավվել նման բարդ իրավական հարցում: 
 
Շատ մարդիկ տեղյակ չեն, որ Ամալ Ալամուդինը, այժմ տիկին Քլունին, իր գեղեցիկ դեմքից առավել այլ բարձր արժանիքներ ունի նման կարևոր հանձնարարության համար:
 
Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից  Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:
 
Ամալը ծնվել է 1978 թվականին Լիբանանում, նրա հայրը դրուզ է, իսկ մայրը՝ սուննի մահմեդական: Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իրավաբանական կրթությունը ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թ. Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբան: Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, իսկ 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը: Նա գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թ. սեպտեմբերին նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում:
 
Տիկին Քլունին, նման անթերի արժանիքներով, մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավական խմբի համար Ստրասբուրգում՝ հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վերաքննության գործում:
 
Դատական գործը կապված է շվեյցարական դատարանների կողմից թուրքական մի փոքր կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչելու հետ, որը 2005 թ. մեկնել էր Շվեյցարիա՝ հատուկ դիտավորությամբ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: 2008 թ. Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի որոշումը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: 
 
Սա երկակի ստանդարտներով կայացված անարդար և անընդունելի որոշում էր, քանի որ դատարանը հրեաների Հոլոքոստի ժխտումը հանցանք է համարել, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման արգելումը՝ խոսքի ազատության ոտնահարում: Հինգ դատավորները, որոնք որոշում էին կայացրել ընդդեմ Շվեյցարիայի, թույլ են տվել դատողության և տվյալների անհամար սխալներ ՝ աղավաղելով Փերինչեքի պնդումները, խեղաթյուրելով Շվեյցարիայի օրենքներն ու դատավճիռները, չունենալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ և բազմիցս հակասելով իրենք իրենց: Յոթ դատավորներից երկուսը չհամաձայնեցին մեծամասնության որոշմանը և ներկայացրեցին 19 էջանոց համապարփակ զեկույց Հայոց ցեղասպանության մասին՝ կողմնակից լինելով շվեյցարական դատարանին:
 
2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիան որոշեց բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը 17 դատավորներից կազմված Մեծ պալատում՝ պաշտպանելու համար իր երկրի օրենքների և իրավական համակարգի վարկը: Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարությունը դատարանի որոշումը վիճարկեց հետևյալ երեք պատճառներով.
 
1) ՄԻԵԴ-ը նախկինում երբեք չի զբաղվել ցեղասպանության իրավական որակավորմամբ և խոսքի ազատության սահմանով.
 
2) Շվեյցարիայի «հայեցողության շրջանակի» անհարկի ձևով նվազեցում ՝ ըստ ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի.
 
3) «Արհեստական տարբերությունների» ստեղծումը. միջազգային դատավճռի բացակայության պայմաններում ՄԻԵԴ-ը պետք է դիտարկեր թուրքական դատարանի 1919 թ. վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների՝ որպես Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկային առնչվող ապացույց:
 
Անցյալ տարի Հայաստանը չի մասնակցել ՄԻԵԴ-ի ստորին ատյանի դատարանում կայացած Փերինչեքի գործով դատավարությանը: Սակայն, Թուրքիան միջամտել է՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ծավալուն փաստաթղթեր: Այս անգամ Հայաստանը մասնակցելու է ուժեղ իրավաբանների խմբով, որի կազմում ընդգրկված է միջազգային նշանավոր իրավաբան և «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» ուշագրավ գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը: Դատարանում Ռոբերտսոնին կմիանան նրա գործընկեր Ամալ Քլունին և Հայաստանի կառավարության երկու ներկայացուցիչներ՝ Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:
 
Խիստ կարևոր է, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վերանայի ստորին ատյանի դատարանի թերի որոշումը՝ վերականգնելով Շվեյցարիայի օրենքների իրավացիությունը և կանխելով Թուրքիայի ու Փերինչեքի կողմից ցեղասպանության ժխտողականության արտահանումը Եվրոպա և այլուր...
 
    
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն