Արցախյան ազատամարտի նոր մանրամասներ՝ Լարիսա Գեւորգյանի վավերագրքում


Արցախյան ազատամարտի նոր մանրամասներ՝ Լարիսա Գեւորգյանի վավերագրքում

  • 15-05-2015 23:39:35   | Հայաստան  |  Նոր գրքեր



Լույս է տեսել արձակագիր Լարիսա Գևորգայնի «Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագիրքը, որը նվիրված է Արցախի ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին եւ  պատմում է արցախյան ազատամարտում իրենց մասնակցությունն ունեցած հերոսներից շատերի մասին:  
«Այս գիրքը շատ հետաքրքիր կերպարաշար ունի, եւ հերոսների մեծ մասն այժմ ապրում են մեր կողքին», - մայիսի 15-ին,  Հայաստանի Գրողների միությունում կայացած շնորհանդեսին ասաց գրքի հեղինակը: Ըստ նրա` գրքի հերոսների թվում են Կոմանդոսը, արցախյան ազատամարտում զոհված Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդանը), Փարիզում կատարված «Վան» գործողության խմբապետ, հայկական պահանջատիրությամբ մշտապես հանդես եկող Վազգեն Սիսլյանը, զինագործ Սամվել Խաչիկյանը, Ջորջ և Քերոլան Նաջարյանները և այլոք:  
 
Միջոցառմանը ներկա էին ինչպես գրքի կենդանի հերոսները, այնպես էլ զոհվածներից ոմանց հարազատները:  Դուշման Վարդանի մայրը` տիկին Զարուհին, շնորհավորելով Լ. Գևորգյանին, ընդգծեց, որ վերհոնշյալ վավերագիրքը այն քիչ գրքերից է, որում իրապես ներկայացված է արցախյան ազատամարտի ճշմարտությունը. «Սա պատմական և գեղարվեստական մեծ արժեք ունեցող գիրք է, որտեղ կա նաև որդուս մասին պատմող բաժին»,- ասաց նա:
 
«Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագրքի հերոսներից մեկը՝ Վազգեն Սիսլյանը, նշեց, որ շարունակում է հավատարիմ մնալ իր պահանջատիրության գաղափարին և ուրախ կլինի, եթե գրքի շնորհանդեսին ներկա գտնվող գրողներն ու արձակագիրներն ավելի հաճախ գրեն Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին:
Վավերագրքի գրական արժեքին անդրադառնալիս` Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը նշեց, որ   Լ. Գևորգյանը կարողացել է գտնել սեփական ասելիքն ներկայացնելու  յուրօրինակ ձև, որը նաև պաըկերավոր է: Որպես լեզվաբան` Լ. Միրզոյանը կարևորեց հեղինակի կողմից առօրյայում չօգտագործվող հայերեն որոշ բառերի ճիշտ և տեղին օգտագործումը վավերագրքում:  Ըստ նրա` այն ընթերցելուց հետո սկսել է ավելի բարձր գնահատել գրքի հերոսներին: 
 
Ինը ենթագլուխներից բաղկացած «Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագրքում ընդգրկված պատումները ներկայացված են գրքի հեղինակի և իր հոր` Հայրենական մեծ պատերազմի մասնակից Զավեն Գևորգյանի, միջև ունեցած զրույցի տեսքով:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play