Վրաստանի առողջապահության նախարարը կարգադրել է բոլոր կամավորներին դուրս բերել ողբերգության էպիկենտրոնից
19-06-2015 17:05:20 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 18-ի` Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության համաձայն` «կամավորներին արգելված կլինի աշխատել տեղի ունեցած տարերային աղետի էպիկենտրոնում»: «Կամավորներին կթուլատրվի աշխատել այլ թաղամասերում, արվարձաններում, բնակելի շենքերի բակերում: Երկրի Առողջապահության նախարարը խիստ հրաման է արձակել բոլոր կամավորներին դուրս բերել ողբերգության էպիկենտրոնից: Տվյալ տարածքում գտնվելը վտանգավոր է: Ավելին, Առողջապահության նախարարը բոլոր նրանց, ովքեր մի քանի օր շարունակ աշխատել են որպես կամավոր աղետային գոտում, կոչ է անում անցնել անվճար պատվաստում», -ասված է Թբիլիսիի Քաղաքապետարանի հայտարարությունում:
«Տարերային աղետի գոտում աշխատելը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Սպառնալիքը ինչպես հնարավոր համաճարակի տարածման, այնպես էլ վայրի կենդանիների կողմից հարձակման մեջ է, որոնք մինչ այժմ բռնված չեն: Տարածքում, հնարավոր է, գտնվում են բազմաթիվ դիակներ, որոնք 6 օր շարունակ արևի և այլ բնական գործոնների ազդեցության տակ են: Համաճարակի տարածման իրական սպառնալիք է առկա: Այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել այն մասին, որ տարերային աղետի գոտին կամավորների համար փակ կլինի»:
Ճգնաժամային Կառավարման Պետական Կենտրոնը հունիսի 18-ին արտահերթ մամլո ասուլիս է անցկացրել: «Տարերքի ընթացքում մահացել է 19 մարդ: 3 մարդ համարվում է անհետ կորած: Ինչ վերաբերում է վայրի կենդանիներին քաղաքի փողոցներում, ապա Թբիլիսիի քաղաքապետարանից և Վրաստանի ՆԳՆ-ից ստացած տեղեկության համաձայն` տվյալ պահին հայտնաբերված չէ փախած կենդանիներից որևէ մեկը: Մինչդեռ քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու առիթ չկա: Տարերային աղետի էպիկենտրոնում որոշակի սահմանափակումներ են արվում: Կամավորների համար տվյալ տարածքի մուտքը կարգելվի: Բոլոր աշխատանքները կիրականացվեն հատուկ համազգեստով մասնագետների կողմից: Այդպիսին է երկրի Առողջապահության նախարարության երաշխավորանքը», -ասված է Ճգնաժամային Կառավարման Պետական Կենտրոնի հատուկ հայտարարությունում:
«Տվյալ պահին համաճարակի առաջանալու սպառնալիքներ չկան: Մինչդեռ, եթե մենք չցուցաբերենք զգոնություն, ապա այս ամենը կարող է շատ վատ ավարտ ունենալ: Եթե տարերային աղետի գոտում պահպանվեն անվտանգության նորմերը, ապա ոչ մի համաճարակ էլ չի լինի», -հունիսի 18-ին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարը:
«Վրացիներն ապրեցին դժվար օրեր: Ես շնորհակալ եմ կամավորներին: Այն, ինչ նրանք արեցին, ցույց տվեց, որ Վրաստանն ունի ապագա: Ես տեսա, թե ինչպես կարող է համախմբվել ազգը, և թե ինչքան կարևոր է միաբանությունն ու աջակցությունը նման օրերին: Մենք տեսանք հասարակության և կառավարության ինքնազոհաբերումը: Այն աշխատում էր շատ կազմակերպված», -հունիսի 18-ին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Չկա չարիք առանց բարիք: Կենդնաբանական այգին այն պայմաններում, որ գույություն ուներ, ինձ միշտ էլ դուր չի եկել: Դեռևս 2006-2007 թվականներին ես նոր կենդանաբանական այգու նախագիծ էի կազմել… Որոշակի գումար էի ծախսել: Ես խոստանում եմ, որ կօգնեմ կենդանիներին արժանավայել կյանք ապահովել: Եթե մենք կենդանիներին զրկում ենք ազատությունից, ապա պարտավոր ենք ապահովել նրանց համապատասխան պայմաններով: Այն պայմանները, որոնք կային Թբիլիսիի կենդանաբանական այգում, չէին կարող նորմալ համարվել», -հունիսի 18-ին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Փոքր-ինչ կայունությունից և ամրացումից հետո Վրաստանի ազգային արժույթը նորից սկսել է անկումը դոլարի և եվրոյի հանդեպ: Վրաստանի Ազգային Բանկի հայտարարության համաձայն` հունիսի 19-ին 1 դոլարը կարժենա 2.2422 լարի, իսկ 1 եվրոն` 2.5256 լարի:
Վրաստանի Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել Ֆրանսիայում Վրաստանի կողմից ստորագրված հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու մասին պայմանագրի հարցով: «Ես չեմ պատրաստվու հրապարակավ հայտարարել ստորագրված պայմանագրի մանրամասները: Նաև ես չեմ պատրաստվում խոսել այն մասին, ինչ խոսվել էր առաջ: Ես համոզված եմ, որ երկրի Պաշտպանության նախարարը իրավունք չունի հրապարակայնորեն խոսել մանրամասների, ստորագրված պայմանագրի շրջանակներում ծրագրված միջոցառումերի մասին: Վրաստանն ունի լեգիտիմ Կառավարություն: Կարևոր է, որ բոլորը հասկանան, որ չի կարելի և անթուլատրելի է, որ բարձրաձայն խոսվի այն փաստաթղթերի մասին, որոնք վերաբերում են երկրի հակաօդային պաշտպանության համակարգերին: Դա շատ վտանգավոր է», -հունիսի 18-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Հունիսի 12-21-ը Վրաստանում կկայանա «Առևտրի և Զարգացման Սևծովյան բանկի» Կառավարության խորհրդի նիստը: Միջոցառման ընթացքում ևեթ կկայանա բիզնես-ֆորում, որին կմասնակցեն 12 երկրների կենտրոնական բանկերի և Կառավարության ներկայացուցիչներ: Սպասվելիք բիզնես-ֆորումի հիմնական թեման կլինի սևծովյան տարածաշրջանում արդյունաբերության զարգացումը և ունեցվածքի հասանելիությունը:
Հունիսի 18-ին նորածինների առևտրով զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել են Ռուսթավի քաղաքի ծննդատան աշխատակիցները: Ձերբակալվածների մեջ է նաև բժշկական հաստատության տնօրենը: Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն` ընդհանուր առմամբ ձերբակալված է 3 մարդ, իսկ 6 մարդ նաև անցնում է քրեական գործի ցուցակներով: «Ձերբակալված քաղաքացիները, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև իրենց սեփական հարստացման նպատակով խորհրդակցության համար հիվանդանոց այցելած հղի կանանց առաջարկել են հրաժարվել իրենց նորածին երեխաներից` փոխարենը առաջարկելով գումարային միջոցներ: Քրեական գործի նյութի համաձայն` հանցագործ խումբն արդեն հասցրել է իրականացնել նորածին երեխաների առևտրի երկու դեպք: Առաջին նորածնի համար ստացել են 3000 լարի, իսկ երկրորդի համար` 5000», -ասված է Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հայտարարությունում: