Իրավապաշտպանները պայքարում են վերջ դնելու խոշտանգումներին Հայաստանում


Իրավապաշտպանները պայքարում են վերջ դնելու խոշտանգումներին Հայաստանում

  • 25-06-2015 13:44:14   | Հայաստան  |  Իրավունք

Վեց առաջատար կազմակերպություններ միավորվում են հիշատակելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 28-րդ տարելիցը: Կազմակերպություններն այդ օրը նշում են մասնագիտական նիստով «Անպատժելիության վերացում և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք», որը տեղի է ունենալու հունիսի 26-ին ժամը 1000 - 1400 «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց, Բոլրում սրահում:
 
Խոշտանգումների կանխարգելումը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից և ժողովրդավարական հասարակության նախապայմաններից մեկը», ասաց միջացառման կազմակերպիչներից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ` Միքայել Արամյանը: «Մենք նշում ենք այս օրը աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ` խոսելով խոշտանգումների կիրառման դեմ մեր երկրում»:
 
Համաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվում Հայաստանում խոշտանգումների մասին իրազեկվածության բարձրացումը և գործնական քայլերի ստեղծումը մեղավորներին պատժելու գործընթացում: Մասնավորապես, արծարծվելու է նաև տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված նստացույց կազմակերպած անձանց դեմ հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման իրավաչափությանը, բերման ենթարկված անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը և վերականգնողական աջակցության անհրաժեշտությանը: Մասնակիցները կներկայացնեն խոշտանգումների գործերի քննության միջոցները և կքննարկեն զոհերի վերականգնման և փոխհատուցման կարևորության հարցերը:
 
Համապատասխան պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, իրավական հարցերով փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ԶԼՄ-ները մասնակցություն կունենան միջոցառմանը:
 
 
Միջոցառման նախաձեռնող խումբը արձանագրում և կոչ է անում.   
 
«Խոշտանգումների/ վատ վերաբերմունքի արգելքը պահանջում է բացարձակ անհանդուժողություն դրսևորել խոշտանգման/վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման նկատմամբ, լինի դա ոտիկանության բաժանմունքում ցուցմունքներ ստանալու համար կասկածյալի ծեծ, քրեկատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածություն, հոգեբուժական հաստատություններում անձին սննդից զրկել, զինվորական ծառայության ընթացքում ծառայակցի կողմից հոգեբանական ճնշումներ թե այլ վերաբերմունք: Այս ցանկը անվերջ է, իսկ լուծումը մեկը՝ վերջ տալ խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին»:
 
 Յուրաքանչյուր տարի իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում հիշատակում են Հունիսի 26, Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը` միջոցառումներով և գործողություններով, որոնք ուղղված են գլոբալ առումով վերջ տալու խոշտանգումներին: Հայաստանը, 1993 թվականից հանդիսանալով ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ստորագրող կողմ, իր վրա պարտավորություն է վերցրել ներպետական մակարդակում ամեն կերպ բացառելու խոշտանգման ցանկացած դրսևորում, իսկ հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողականորեն օգտագործել են այս առիթը ներկայացնելու խոշտանգումների վիճակը երկրում և կոչ են արել իշխանություններին ներպետական մակարդակում կիրառելու կոնվենցիայի համապատասխան դրույթները:
 
Այս տարի` խոշտանգումներից զերծ մնալու և զոհերի վերականգնման անհրաժեշտության հետ կապված քարոզչությունը նախաձեռնվել է խոշտանգումների դեմ պայքարի հարցում առաջատար դերակատարում ունեցող վեց կազմակերպությունների կողմից, որոնք են` «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:
 
 Միջոցառումը հնարավոր է դարձել Բաց Հասարակության Հիմնադրամների և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ֆինանսավորմամբ:
 
Միջոցառման ժամանակ կազմակերպությունները հանդես են գալու համատեղ կոչով պետական մարմիններին: Հաջորդ շաբաթ հատուկ երկօրյա դասընթաց Ստամբուլի արձանագրության օգտագործման վերաբերյալ, որպես խոշտանգումների անպատժելիության դեմ պայքարելու գործիք կանցկացվի մասնագետների համար:
 
 
Հունիսի 26-ի միջոցառման հետ կապված հարցերի դեպքում դիմել.
 
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
 
Հեռ.` 010 582819, 077271331
 
Էլ. փոստ` info@favl.am
 
Facebook` www.facebook.com/favlhumanrights
 
Նոյյան տապան  -   Իրավունք