Վրաերթ Երևանում. Բժիշկները պայքարում են տուժած ամուսինների կյանքի համար


Վրաերթ Երևանում. Բժիշկները պայքարում են տուժած ամուսինների կյանքի համար

  • 26-10-2015 12:48:11   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Հոկտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ ամուսիններ 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 
Հիվանդանոցից հայտնել են, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
 
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկված Մ. Մկրտումյանը աշխատում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեյում որպես աշխատակազմի ղեկավար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով