Արծվաբերդի մարզադպրոցը ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով


Արծվաբերդի մարզադպրոցը ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով

  • 27-10-2015 18:01:26   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրով  համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադահլիճում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ՝ հնարավոր դարձնելով օգտագործել մարզադահլիճը նաև ցուրտ եղանակներին:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը. դրա բնապահպանական առավելություններն ակնհայտ են,  իսկ սահմանամերձ Արծվաբերդի մարզադահլիճը ջեռուցմամբ և տաք ջրով ապահովելը կրկնապատկում է նախագծի կարևորությունը: Ձմռան ամիսներին ևս մարզվելու հնարավորություն ունենալով՝ Արծվաբերդի և շրջակա գյուղերի պատանիներն առավել մեծ հաջողությունների կարող են հասնել: Պատմության ընթացքում մենք շատ առիթներ ենք ունեցել հպարտանալու հայ մարզիկների բացառիկ հաջողություններով և համոզված ենք, որ Հայաստանի ապագա չեմպիոններ են մարզվելու հենց այս մարզադահլիճում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Սահմանամերձ Արծվաբերդ գյուղը, որը գտնվում է Ադրբեջանից մոտ 8 կմ հեռավորության վրա, ունի մոտ 5220 բնակիչ: Մարզադահլիճում գործում են տարբեր սպորտային խմբակներ ոչ միայն արծվաբերդցի, այլ նաև հարևան համայնքների պատանիների համար:
 
Համայնքում իրականացված աշխատանքների արդյունքում գյուղի մարզադահլիճում առկա  ջեռուցման համակարգը համալրվել է 31.5 KW հզորությամբ արևային ջրատաքացուցիչով,  ինչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Համակարգի գործարկումը  ձմռանը  50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ի դեպ, արդեն երկրորդ տարին է ծրագրի շրջանակում կիրառվում են  70 մմ տրամագծով վակումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որոնց էներգաարդյունավետությունը ավելի բարձր է, քան  Հայաստանում  տեղադրվող այլ արևային ջրատաքացուցիչներինը: Ի դեպ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լրացուցիչ 1.5 միլիոն դրամ կհատկացնի մարզադահլիճի համար նոր պատուհաններ ձեռք բերելու և տեղադրելու համար:
 
Այս տարի «Այլընտրանքային էներգիա» ծրագրում ներառվել են Հայաստանի յոթ մարզերի հետևյալ 17 համայնքները. Լոռու մարզի Չկալով համայնք, Գեղարքունիքի մարզի Վահան, Ծովագյուղ, Լիճք համայնքներ, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Բարձունի, Խնձորուտ, Գոմք համայնքներ, Տավուշի մարզի Չինարի, Արծվաբերդ, Բերդավան, Ջուջեվան համայնքներ, Արագածոտնի մարզի Ուջան համայնք, Սյունիքի մարզի Լոր, Արևիս, Նժդեհ համայնքներ, Արարատի մարզի Պարույր Սևակ համայնք:
 
Ծրագրի իրականացման համար 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 207,438,200 ՀՀ դրամ:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play