Տեղի ունեցավ բացառիկ՝ փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը


Տեղի ունեցավ բացառիկ՝ փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը

  • 29-10-2015 13:47:49   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը։ Այն յուրատեսակ անսամբլ է, թերևս՝ աշխարհում եզակի։ Ունի հետևյալ կազմը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)։ Քառյակի երաժիշտները Երիտասարդական նվագախմբի անդամներ են, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող արտիստներ, ովքեր հանդես են գալիս նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագախմբի հետ՝ որպես մենակատար։
 
Ալեքսանդր Հարությունյանի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը, նշում է, որ քառյակի գաղափարն իր համար անակնկալ էր. «Մոտ մեկ տարի առաջ երբ տեղեկացա այս գաղափարի մասին, շատ զարմացա, քանի որ երբեք նման կազմով քառյակի մասին չէի լսել։ Հետո հասկացա շատ օրիգինալ միտք է։ Եթե չեմ սխալվում, այն աշխարհում միակն է։ Բնականաբար, փայտափողային գործիքների և դաշնամուրի համադրությամբ քառյակի համար ստեղծագործություններ գրված չեն։ Այսօր ներկայացվում են հատուկ այս կազմի համար մշակված, փոխադրված դասական գործեր։ Կարծում եմ՝ ժամանակակից կոմպոզիտորները հետագայում կգրեն ստեղծագործություններ այս կոլեկտիվի համար»։
Նարինե Հարությունյանը, խոսելով Խաչատրյանի անվան փառատոնի մասին, նշում է, որ մի քանի համերգ լսել է, և իրեն դուր է գալիս թե′ փառատոնի ոճը, թե′ հանդես եկող արտիստները, թե′ Երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ «Երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ անգամ է նշում Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանը։ Առաջին անգամ 2000-ին էր, երբ կոմպոզիտորի կենդանության օրոք տոնվում էր նրա 90-ամյակը, այսօր նրա բացակայությամբ մենք նշում ենք 95-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում նվագախմբի երաժիշտները մասնագիտական մեծ աճ են արձանագրել։ Սերգեյ Սմբատյանը նրանց հետ հսկայական աշխատանք է կատարում, ու ես նրանց նորանոր բարձունքներ եմ մաղթում»,- ասաց մեծանուն կոմպոզիտորի դուստրը։  
Դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը նկատում է, որ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական ժառանգության մեջ առանցքային տեղ են գրավում հենց փողային գործիքների համար գրված ստեղծագործությունները։ Լիլիթ Զաքարյանը նշեց, որ փայտափողային, դաշնամուրային քառյակի միջոցով իրենք ստանում են յուրօրինակ հնչողություն, ինչը կսիրվի հանդիսատեսի կողմից։ Ըստ դաշնակահարուհու՝ Խաչատրյանի անվան փառատոնը մեծ հնարավորություն է տալիս շփվելու հանրաճանաչ երաժիշտների հետ, և դա հսկայական փորձ է կոլեկտիվի բոլոր անդամների համար։ 
Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանն ասում է, որ քառյակը ստեղծելով՝ ցանկացել են նոր խոսք ասել երաժշտական կյանքում։ Իսկ եթե այս օրինակի հիման վրա ստեղծվեն փայտափողային, դաշնամուրային այլ քառյակներ նույնպես, ապա իրենց համար մեծ պատիվ կլինի, ու վստահ կլինեն, որ իրենց գործը հաջողվել է։
Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանի տեղեկացմամբ՝ 2016թ. գարնանը սպասվում է քառյակի առաջին շրջագայությունը. կլինեն Չինաստանում՝ մասնակցելով մի շարք փառատոների։  
Ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանն էլ հավելեց, որ մինչև այս տարվա վերջ ծրագրում են թողարկել իրենց առաջին ձայնասկավառակը, որպեսզի ձեռնունայն չմեկնեն Չինաստան։ 
Հոկտեմբերի 28-ի համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Ժորժ Բիզեի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները, որոնք մշակվել, փոխադրվել են այս քառյակի համար։ Մշակումների հեղինակը երիտասարդ երաժիշտ Անդրանիկ Բերբերյանն է։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ