Ուրցաձոր համայնքում լուծվել է արտաքին լուսավորության խնդիրը


Ուրցաձոր համայնքում լուծվել է արտաքին լուսավորության խնդիրը

  • 18-11-2015 18:16:29   | Հայաստան  |  Բարեգործություն

Շարունակելով համագործակցությունն ի նպաստ համայնքային զարգացման և բնապահպանության՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրենց աշխատակիցներով արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգով են ապահովել Ուրցաձոր համայնքն ու տեղում իրականացրել բնապահպանական եզակի նշանակության ծառատունկ:
 
Միջոցառմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, երկու կազմակերպությունների աշխատակիցներ, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը և համայնքի բնակիչներ:
 
Համայնքին նվիրաբերված բնապահպանական և էներգաարդյունավետ 50 լուսադիոդային լամպերով կլուսավորվի մոտ 2 կմ երկարությամբ տարածք: Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է նույն համայնքի շուրջ 2 կմ տարածքի արտաքին լուսավորում նույնատիպ լամպերի օգտագործմամբ, ինչը 60%-ով կրճատել է համայնքի արտաքին լուսավորության ծախսերը:
 
Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված ծառատունկի արդյունքում 3150 քմ տարածքում տնկվել է 670 տնկի արոսենի, խնձորենի, տանձենի, նշենի, ցախակեռաս և բարդի:
 
Տեղանքի անտառապատման աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թ.-ին: Իսկ 2015 թվականի աշնան աշխատանքներին նոր շունչ է տրվել արդի տեխնոլոգիաների փորձարկման՝ մասնավորապես՝ հողի բարելավիչի կազմում հիդրոգելի կիրառության շնորհիվ: Այս նորամուծությունը հնարավորություն է տալիս խոնավություն կուտակել նյութի բյուրեղիկներից և տասնապատիկ ավելի է ծավալով։ Բարելավիչի յուրահատուկ քիմիական կառուցվածքի շնորհիվ ջուրը բույսին է մատակարարվում աստիճանաբար՝ 30 օր շարունակ։ Հիդրոգելից բացի, հողի բարելավիչը պարունակում է նաև պարարտանյութ և արմատների աճի խթանիչ։
 
Ոռոգման համակարգի նորարարական մոտեցումներն իրենց հերթին կնպաստեն հողի մակերեսից ջրի գոլորշիացման ծավալների նվազմանը՝ բուն արմատի անմիջական ոռոգմամբ:
 
Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Շարունակություն ենթադրող այս նախաձեռնությունը կհամալրի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ գործակցությամբ իրագործված նույնատիպ ծրագրերի շարքը:
 
«Ժամանակակից տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են: Դրանց հնարավորությունները պետք է ծառայեցնել համայնքների զարգացմանը: Առավել ևս, երբ այդ տեխնոլոգիաները բնապահպանական լուծում են առաջարկում: Այս համատեղ ծրագրի միջոցով մենք ձգտում ենք հնավորինս կրճատել բնակլիմայական պայմաններից գյուղացու կախվածությունը՝ չվնասելով բնությանը: Դա բխում է նաև համայնքի շահերից: Էներգախնայող լամպերի և ջուր կուտակող ծառերի շնորհիվ՝ կկրճատվեն Ուրցաձոր համայնքի ծախսերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հայաստանի էկոմիջավայրի և բնության պահպանությանն ուղղված միջոցառումներին, այդ թվում` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին ցուցաբերած աննախադեպ աջակցության համար Ռալֆ Յիրիկյանին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից շնորհվել է «Բնապահպանության ասպետ» տիտղոսը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն