Վահագն Պապյան. «Խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր ծրագրերով»


Վահագն Պապյան. «Խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր ծրագրերով»

  • 30-11-2015 17:07:15   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 28-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ մեծանուն դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ, բացառիկ էր այն առումով, որ Վահագն Պապյանը միաժամանակ հանդես էր գալիս որպես մենակատար և դիրիժոր։ Լեփ-լեցուն դահլիճը տպավորված էր համերգով: Հանդիսատեսը նշում էր, որ հայաստանյան բեմում այսպիսի ֆորմատով ելույթ չի հիշում։ 
 
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած երեկոյի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, ապա Դաշնամուրի թիվ 21 կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան): Համերգի երկրորդ բաժնում ունկնդրին ներկայացվեց Կամիլ Սեն-Սանսի Երրորդ՝ սիմֆոնիան ՙԵրգեհոնով սիմֆոնիա՚:
Վահագն Պապյանն ուրախությամբ փաստեց, որ Խաչատրյանի անվան փառատոնն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է մեծ հաջողությամբ։ Ըստ մաեստրոյի՝ այն հանդիսատեսի կողմից սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր համերգային ծրագրերով։ Նրան հատկապես ուրախացնում է Երևանում ակտիվ երաժշտական կյանքի առկայությունը։ Վահագն Պապյանը, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, ընդգծեց, որ տարեցտարի մեծ վերելք է տեսնում կոլեկտիվում. «Հետևելով Երիտասարդական նվագախմբին՝ ես նկատում եմ ուրվագծած մի մեծ ճանապարհ, որով ընթանում է նվագախումբը»։ 
Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 1-ի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Զաքարյանն ընդգծում է, որ Վահագն Պապյանը համաշխարհային կատարողական արվեստում մեծ երևույթ է, և մենք պետք է պարծենանք, որ ունենք Վահագն Պապյանի նման երաժիշտ. «Մենք պետք է կարողանանք փայփայել, գուրգուրել, պահպանել և վայելել նրա արվեստը։ Հազվադեպ է պատահում, որ նույն անձը և՜ փայլուն դիրիժոր է, և՜ փայլուն դաշնակահար։ Վահագն Պապյանը հենց այդ եզակի երաժիշտներից է»։ 
Երաժշտագետ Նոնա Ոսկանյանը նշում է, որ Վահագն Պապյանը ճանաչված ու պահանջված անուն է ամբողջ աշխարհում, նա կարողանում է երաժշտությունը մատուցել շատ ինքնատիպ, հետաքրքիր տեսանկյունից։ Նրա վիրտուոզ նվագը ծառայում է կոմպոզիտորի, ինչպես նաև իր՝ արվեստագետի մտահղացման բացահայտմանը։
Նշենք, որ Վահագն Պապյանը Վիանա դա Մոտա միջազգային մրցույթի դափնեկիր է (1979թ.)։ Ուսանել է Մոսկվայի պետական և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում։ Դաշնակահարի կարիերան մեկնարկել է 1980թ.։ 1984թ. կայացել է երաժշտի՝ որպես դիրիժորի առաջնաելույթը։ Նույն տարում հրավիրվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ որպես 2-րդ դիրիժոր, 1987-89թթ.՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1991թ. հանդես է եկել որպես Բեեր Շևայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ինչպես նաև ղեկավարել է Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտի ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է 49 երկիր, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ 2008-2013թթ. եղել է Ղազախստանի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2006-ից առ այսօր Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։ 
Վ. Պապյանը համագործակցել է Վ.Գերգիևի, Ա.Կորսակովի, Օ.Կոգանի, Դ.Խվորոստովսկու, Վ. Տրետյակովի և հայտնի այլ երաժիշտների հետ։ Մշտապես անսամբլային կազմում հանդես է գալիս ջութակահար Մ.Վենգերովի հետ։ 
Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երաժշտական այս իրադարձության գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ