«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի 128 շահառուներ ստացան մասնագիտական որակավորման վկայականներ և հավաստագրեր


«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի 128 շահառուներ ստացան մասնագիտական որակավորման վկայականներ և հավաստագրեր

  • 26-12-2015 17:41:00   | Հայաստան  |  Բարեգործություն

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձանց համար «Մանանա» ուսումնական կենտրոնում իրականացված «Սեղանի ձևավորում», «Համակարգչային գրագիտություն», «Խոհարարություն», «Վարսահարդարում», «Դիմահարդարում» և «Մերսում» եռամսյա մասնագիտական ուսուցումների ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որի ընթացքում դասընթացները հաջողությամբ ավարտած 128 շահառուներ ստացան մասնագիտական որակավորման վկայականներ և հավաստագրեր: Աավանդական դարձած միջոցառումն իրականացվում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) կողմից, որին ներկա էին էին ԱՀ ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, ԱՀ ԲՀԿ ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը, «Մանանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Մաշա Մնացականյանը, ԱՀ ԲՀԿ մասնագիտական ուսուցումների փորձագետ Գոռ Գևորգյանը,  ինչպես նաև Երևանի Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Շենգավիթ, Նորք Մարաշ, Նոր Նորք և Ավան համայնքների զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները:
 
Ավարտական վկայականների հանձնման արարողությունը մեկնարկեց ԱՀ ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ողջույնի և շնորհավորական խոսքով: Նա, մասնավորապես, նշեց. «Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս մեր համատեղ աշխատանքի դրական արդյունքների համար: Երկար և դժվարին ճանապարհ անցնելուց հետո այժմ ես վստահաբար կարող եմ ասել, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության թիմը հասել է իր նպատակին, և այսօր մենք բոլորս դրա ականատեսն ենք: Մենք ուրախ ենք, որ այսքան մեծ թվով շահառուներ կարողացան մասնակցել մեր դասընթացներին և հետագայում հնարավորություն կունենան աշխատանք գտնել, կայանալ որպես մասնագետներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք  «Մանանա» ուսումնական կենտրոնի արհեստավարժ մասնագետներին համբերատար և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել նշված մասնագիտությունների ուսուցումը մեր շահառուների համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում շարունակական հաջողություններ»: 
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «Մանանա» ուսումնական կենտրոնի տնօրեն տիկին Մաշա Մնացականյանը:
Վերջինս բարձր գնահատելով ԱՀ ԲՀԿ-ի և «Մանանա» ուսումնական կենտրոնի անդամների աշխատանքները` նշեց. «Իսկապես, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքը մեծ համբերատարություն է պահանջում և բավականին բարդ է, հատկապես պես այն դեպքում, երբ ուսուցանվողների շարքում կան տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Այսօր մենք տեսնում ենք այս մեծ թիմի համբերատար և նպատակասլաց աշխատանքի դրական արդյունքները»:
Մեծ էր նաև մասնագիտական ուսուցման դասընթացի մասնակից շահառուների ոգևորությունը: Նրանք ևս իրենց երախտիքի խոսքը հայտնեցին ԱՀ ԲՀԿ-ին և «Մանանա» ուսումնական կենտրոնին՝ ապագայի և սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչելու համար:
Միջոցառման ընթացքում Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան քննարկել նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի ընդունման և գործատուների հետ հարաբերությունների կառուցման շուրջ մտահոգող հարցերը Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարների հետ: Զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարները իրենց հերթին հույս հայտնեցին, որ այս հարցերի պատասխանները պարզելով՝ միասին կկարողանան մեկ քայլ առաջ գնալ և նպաստել ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության հիմնախնդիրների լուծմանը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ: Ծրագրի առաջին՝ «Մասնագիտական ուսուցում» բաղադրիչի շրջանակներում ԱՀ ԲՀԿ-ի խորհրդատուները շուկայի ուսումնասիրության արդյունքում ընտրել են այն մասնագիտությունները, որոնք մեծ պահանջարկ ունեն ՀՀ աշխատաշուկայում և որոնք կարող են իրականացվել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց կողմից: Իսկ «Մանանա» ուսումնական կենտրոնը հանձն առավ  իրականացնել նշված մասնագիտությունների ուսուցումը: Դասընթացների առաջնային նպատակն է լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, խոցելի խմբերի հասարակությունում խնդիրը, նրանց կյանքը առավել լիարժեք դարձնելու և որակական նոր հարթության վրա դնելու, նրանց ինքնուրույնության, սեփական անձի նկատմամբ վստահության ձևավորման խնդիրը:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն