Դրամական օգնություն և սնունդ է հատկացվել սոցիալապես անապահով երեք ընտանիքի


Դրամական օգնություն և սնունդ է հատկացվել սոցիալապես անապահով երեք ընտանիքի

  • 29-12-2015 17:21:20   | Հայաստան  |  Բարեգործություն

 
 
Սոցիալապես անապահով երեք ընտանիքի ամանորյա անակնկալ էր սպասվում: Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից այդ ընտանիքներին տրամադրվեց դրամական օգնություն և սնունդ: ՀԵՀ-ի աշխատակիցներն ու կամավորները նախ այցելեցին Էջմիածնի Ակնաշեն գյուղի Հովհաննիսյանների ընտանիքին:
 
Չունենալով սեփական տանիք` նրանք ապրում են գյուղի հին մանկապարտեզում մի քանի այլ ընտանիքների հետ միասին: Տան մայրը` տիկին Անահիտը, ունի առողջական խնդիրներ: Այնուհետև հերթը Երևանում բնակվող անապահով ընտանիքինն էր: Տիկին Գայանեն և նրա 3 զավակները բնակվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Տան որդին` Մարտիկը, հիվանդ է էպիլեպսիայով: Այս ընտանիքին ևս դրամական օգնություն և սնունդ տրամադրվեց, ինչի շնորհիվ կկարողանան հոգալ առօրյա հոգսերը:  Երրորդ ընտանիքը բնակվում է Մասիվի հանրակացարանում: Ընտանիքի մայրը՝ տիկին Արմինեն, ունի երեք որդի. 2-ը դպրոցական են, իսկ երրորդը հաճախում է մանկապարտեզ: Ընտանիքն ունի երեխայի մանկապարտեզի վարձը վճարելու խնդիր, ինչը ևս հնարավոր կլինի հոգալ հիմնադրամի տրամադրած աջակցությամբ: Տեղեկացնենք, որ ՀԵՀ-ն անապահով այս ընտանիքներին աջակցում է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատետերի գրառումներին հետամուտ լինելով: Մասնավորապես նրանք գրառումներ էին կատարել ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջին՝ տեղեկացնելով, որ նշված ընտանիքներն ունեն աջակցության կարիք: Այս առիթով Կարեն Ավագյանը շեշտեց. «Հիմնադրամը տարվա ընթացքում իրականացնում է տարբեր ծրագրեր սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն կային այնպիսինները, որոնք դուրս էին մնացել մեր տեսադաշտից: Ուստի այդ ընտանիքների մասին մենք տեղեկացանք սոցցանցերի միջոցով, և նրանց ևս ընդգրկեցինք մեր ծրագրերում: Ժամանակ առ ժամանակ հիմնադրամն իրականացնում է սոցիալական ծրագրեր, որոնց թիրախը երիտասարդներն են, սակայն սոցիալական խոցելի խմբերում գտնվող ընտանիքները ևս այդ ծրագրերի առանցքում են»: Նշենք նաև, որ հիմնադրամը տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերել նաև սահմանամերձ համայնքներում գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն