«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար». Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ


«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար». Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ

  • 25-01-2016 12:41:34   | Հայաստան  |  Բարեգործություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է  կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից  10-ը՝ Արագածոտնի մարզում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք: Ծրագրի շրջանակներում Գևորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը:  
 
Գևորգյաններն ապրում էին կես դար առաջ կառուցված տանը. տանիքը վաղուց ծակոտկեն էր դարձել, և ամբողջ խոնավությունը քայքայում էր տունը:
 
«Միշտ երազել եմ հարմարավետ տուն ունենալ: Երբեմն ավելի դժվար է տուն նորոգելը, քան կառուցելը: Տարիներն անցան ու երեխաներս մեծացան առանց կենցաղային տարրական պայմանների: Գարնանը, երբ կազմակերպությունից այցելեցին մեզ՝ հույս անգամ չունեինք, թե մեր ընտանիքն էլ կարող է ծրագրում ընդգրկվել: Տանիքի կառուցումը խթան հանդիսացավ, որ սանհանգույցն ու խոհանոցն էլ նորոգենք: Աստված օրհնի ձեզ»,-ասել է Գևորգյանների ընտանիքի մայրը՝ Սուսաննան :
 
«Այն արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք իրականացրած ծրագրերի շրջանակներում, մեզ համար պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են: Եթե աջակցություն ստացած եւ խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը եւ լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարեւոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար.  երբ տունը հարմարավետ է, իսկ տանիքն  ամուր՝ մյուս խնիրները համեմատաբար հեշտ է լուծել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: 2007թ.-ից մեկնարկած համագործակցության շնորհիվ,  ծրագրից  օգտվել է  93 ընտանիք:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play