Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ «Ջամբո»-ն հյուրընկալելու է ծերանոցի սիրահար զույգերին


Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ «Ջամբո»-ն հյուրընկալելու է ծերանոցի սիրահար զույգերին

  • 09-02-2016 16:38:49   | Հայաստան  |  Բարեգործություն

Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ «Ջամբո» էկզոտիկ պարկը յուրահատուկ նվեր է մատուցելու Երևանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին` իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի: «Սերը տարիք չի հարցնում» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառման գաղափարը պատկանում է «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր-տնօրեն Արտյոմ Վարդանյանին, ով որոշել է մեկ գեղեցիկ օր պարգևել ծերանոցում բնակվող այն տարեցներին, ովքեր այդ տարիքում ևս չեն դադարում սիրել` հանդիպում են, զույգեր կազմում, երբեմն անգամ ամուսնանում:

Մտահաղացման հիմքում ընկած է նաև այն գաղափարը, որ մեծահասակներն ամենաշատն ունեն ուշադրության և բարի վերաբերմունքի կարիք: Բարեգործական միջոցառման կազմակերպիչները չեն շրջանցելու նաև հայկական Տեառնընդառաջի տոնը, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 13-ին. միջոցառման մեկնարկը տրվելու է կրակ վառելով, այնուհետև արդեն դահլիճում հին երևանյան երգերի ներքո ճաշկերույթ է լինելու՝ ռոմանտիկ ցերեկույթ: Ներկա են լինելու հայտնի երգիչ Արմեն Դարբինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Նաև գրամաֆոնով Աստոր Պիացոլլայի երաժշտությունն է հնչելու զույգերի համար, լինելու է պարի մրցույթ, որում լավագույնն իրենց դրսևորած զույգերը ստանալու են մրցանակներ: Միջոցառման իրականացմանն աջակցում են «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» գինիների գործարանը՝ հանձին գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի և «VT-dent» ատամնաբուժական կլինիկան` հանձին տնօրեն Վահագն Համբարձումյանի: Ա. Վարդանյանի խոսքով, այս միջոցառումն ընդամենը սկիզբն է. հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ են անցկացվելու: 25 տարի Հոլանդիայում ապրած հայ գործարարը նշում է, որ քաղաքակիրթ երկրներում և Հայաստանում անհամեմատելի տարբեր են տուն-ինտերնատների և տարեցների կյանքի պայմանները. «Հայաստանի ծերանոցներում ապրող մարդկանց կյանքը միապաղաղ է, տխուր, և ցանկացած դրական փոփոխություն լուսավորում է նրանց առօրյան: Ուզում ենք մեր այս միջոցառմամբ օրինակ ծառայել, որպեսզի շատ մարդիկ մտածեն ինչ-որ լավ բան անելու մասին: Ծերերի, հաշմանդամություն ունեցողների նկատմամբ նման վերաբերմունքն արտասահմանում կյանքի նորմա է, իսկ մեզ մոտ դեռ հազվադեպ պատահող երևույթ է, որի վրա զարմանում ենք», - նշում է նա և հավելում. «Արտասահմանում կյանքի որակը լրիվ ուրիշ է. այնտեղ ծերանոց գնալը ողբերգություն չէ, ընդհակառակը` շատերն իրենք են ձգտում ապրել ծերանոցներում: Մեզ մոտ ծերերը ստիպված են գնում ծերանոցներ` հոգեբանորեն ճնշված, նեղսրտած, և այդ մարդկանց համար ուշադրությունն ամենակարևորն է»:

Նոյյան տապան  -   Բարեգործություն