Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
03-03-2016 15:32:50 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:40-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ տղա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր երիտասարդին առաջինը օգնության են հասել շինարարության հարևանությամբ բնակվողներն ու այդ շենքում շինարարական աշխատանքներ կատարողները: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Լավ էր՝ ինչքան կարացինք, շուտ օգնեցինք, շտապ օգնությունն էլ ժամանակին եկավ ու էդ ջահել տղուն, ով կլիներ մոտ 25 տարեկան, տեղափոխեցին հիվանդանոց: Ինչ սկսեցին նշված շենքի կառուցումը, 10 տարուց ավելի է, չի ավարտվում, ինչի պատճառով ամբողջ տարածքում փոշի ու կեղտ է, իսկ եթե կողքով բարեհաջող ես անցնում՝ առանց վտանգելու կյանքդ, ապա պետք է մի մոմ վառես: Լվացքը մաքուր փռում ենք, կեղտոտ ու փոշոտ հավաքում ենք: Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, մասնավորապես Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը ու ամեն անգամ խոստացել են, որ հարցը կլուծվի, սակայն նրանց բոլորի խոսքերը օդ են դուրս էկել: Գոնե այսօրվա դեպքից հետո հետևություններ անեն և խնդիրը լուծեն, հակառակ դեպքում չի բացառվում, որ նման արտակարգ պատահար կրկնվելու դեպքում ողբերգություն տեղի չի ունենա»: Թե ով է շինարարության պատասխանատուն, բնակիչների համար անհայտ է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի բակում հայտնաբերվել են արյունոտված շորեր, ծանր երկաթ, և հավանաբար շինարարության աշխատակիցը անցնելիս է եղել և երկաթը ընկել է գլխին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Միքայել Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: