Վերանորոգվել է Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցի դահլիճը


Վերանորոգվել է Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցի դահլիճը

  • 24-05-2016 12:12:15   | Լոռու մարզ  |  Բարեգործություն

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, աշակերտներնը մշակել և իրականացրել են բիզնես-նախագիծ  
 
Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցում կայացել  է աշակերտների կողմից իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում  վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով,  «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռևս մարտ ամսին Փամբակ–Դարանակի  պատանի հասարակական գործիչներին  տրամադրել է  150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին  հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:  Հենց այդ  գումարով էլ ԱՀԿ անդամաները  ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին  դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ և նորոգեցին  հատակը: 
 
Դեևս մարտին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած՝ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը  հայտարարեց, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100 հազարական դրամ՝ իր ընտանիքի միջոցներից: 
 
Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաև ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ձեռնարկչատիրությունը պահանջում է գիտելիքներ և փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվ՝ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզև փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտները՝ գումար վաստակելով, իրենց առջև դրել և իրագործել են չափազանց կարևոր նպատակ. դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլան՝ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարևոր փորձառություն է՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առնձնհատկությունները», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:       
 
«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաջին հատվածում  աշակերտները  հնարավորություն են ունեցել ծանոթանալու  ձեռներեցության  հիմունքներին, հիմնելու  գործարար ընկերություն և զբաղվելու ձեռներեցությամբ: Այդ ընթացքում նրանք կատարել են շուկայի հետոզոտություն և պահանջարկի ուսումնասիրման արդյունքում որոշում են կայացրել  արտադրել մարզում մեծ պահանջարկ վայելող «Գավառի փախլավա» անուշեղենը: Որպես մարքեթինգային գործիք` պատանի ձեռներեցները սպառողներին անվճար տրամադրել են հայտնի փախլավայի բաղադրատոմսը, իսկ տանտիրուհիներին առաջարկել են գնել  փախլավան պատրաստելու «լրացնող արտադրանքը»` խոհանոցային սրբիչ և գոգնոց:  
 
Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները ոչ միայն հնարավորություն են ունեցել  ձեռք  բերել տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ, այլ նաև  միաժամանակ ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ)  և մշակել  իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցներն իրենց գործարար շահույթից 10 հազար դրամ հատկացրել են իրենց նախաձեռնած՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի իրականացման համար և այդ  գումարն ավելացրել այն միջոցներին, որոնք նախատեսված էր ուղղել դահլիճի վերանորոգմանը:
 
Ծրագրի երկրորդ հատվածում աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխել են հասարակական կազմակերպության և ձեռնամուխ եղել համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչներն ընտրել և ցանկացել են լուծել հատկապես այդ խնդիրը: Աշակերտական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Դաշյանն այդ առնչությամբ ասել է. «Դահլիճը գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ միջոցառումներ կազմակերպելը դարձել էր գրեթե անհնար: Այդ պատճառով բավականին երկար ժամանակ դպրոցում ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Աշակերտներն անհամբերությամբ էին սպասում բացման արարողությանը և արդեն մշակել են միջոցառումների անցկացման խիտ ժամանակացույց: Մեր ունեցած միջոցներն ուղղել ենք կոսմետիկ նորոգման աշխատանքների իրականացմանը»:
 
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցում իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաքելությունն է` Հայաստանի խոցելի համայնքների երիտասարդների  շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ: 
 
Ծրագրի նպատակը ոչ միայն այդ համայնքների երիտասարդներին տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ հաղորդելն է, այլև շուկայական տնտեսության սկզբունքներին ծանոթացնելը, անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով զինելը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաև մասնակիցների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույնս կհասկանան, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը և ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ: Ծրագրի շրջանակներում ծանոթանալով Հասարակական կազմակերպությունների գործունեությանը և դրանց հիմնադրման գործընթացին, մասնակիցները կխրախուսվեն ընդգրկվելու դպրոցական և համայնքային խնդիրների լուծման գործընթացում և  նրանց շրջանում կձևավորվի դրական վերաբերմունք կամավորական աշխատանքների  նկատմամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն