Մշակութային բազմազանության միջազգային օրը Հայաստանում նշանավորվեց բարեգործական ցուցահանդեսով


Մշակութային բազմազանության միջազգային օրը Հայաստանում նշանավորվեց բարեգործական ցուցահանդեսով

  • 25-05-2016 20:01:51   | Հայաստան  |  Բարեգործություն

Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի գլխավոր նախասրահում կայացավ «Բազմազանության ուժը» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդեսը:
Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սաների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում ներկայացվեցին աշխարհի տասը երկրների` Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Արգենտինա, ԱՄՆ, Ճապոնիա, Վրաստան, Հնդկաստան, Իտալիա և Միացյալ թագավորություն, մշակութային ավանդույթները` երգ, պար, խոհանոց:  
 
Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բազմազանության ուժը» խորագով բարեգործական ցուցահանդեսի նախաձեռնող, Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտ Կարեն Քրմոյանը, բարեգործական ցուցահանդեսի նպատակն է մշակութային փոխըմբռնման և բազմազանության հիման վրա ցույց տալ կրթահամալիրի սաների գիտելիքներն ու փորձը:
«Ճեմարանում նման միջացառում նախկինում մեկ անգամ անցկացվել է և դարձյալ կապված է եղել «Ռաունդ Սքուեր»-ի հետ, որի շրջանակներում կրկին ներկայացվել է տարբեր երկրների մշակութային ավանդույթները»,- ասաց Կ. Քրմոյանը` հավելելով, որ միջոցառման ընթացքում ցանկացողները կարող են դրամական նվիրատվություններ անել:
Նրա փոխանցմամբ` բարեգործական միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Ռաունդ Սքուեր» ասոցիացիայի (որի լիիրավ անդամ է նաև Հայաստանը) հոգաբարձուների խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի արքայազն Ալեքսանդրի բարեգործական հիմնադրամին:  
 
Ի դեպ` վերոնշյալ հիմնադրամը զբաղվում է աշխարհի հեռավոր և խոցելի համայնքներում կարևորագույն նշանակության այնպիսի խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են դպրոցների, խաղահրապարակների կառուցումն ու վերանորոգումը, խմելու ջրի ջրագծերի անցկացումը:
Ցուցահանդեսի ներկաներից Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Կենիչիրո Սասանեյի գնահատմամբ` հայ պատանիների աչքերով ներկայացված գունագեղ ցուցահանդեսն իսկապես հաջողված էր:
Փոխդեսպանը տպավորված էր կրթահամալիրի սաների` տարբեր երկրների մշակութային ավանդույթների յուրօրինակ ներկայացմամբ, ինչը վկայում է աշակերտների հետաքրքրվածության մասին: 
 
Գերմանիայի տաղավարը ներկայացնող պատանիները` Հակոբյան Հռիփսիմեն և Յավրյան Վիգենն այցելուներին ծանոթացնում էին գերմանական «Շտրուդել» թվխածքաբլիթի, նրբերշիկների, գարեջրի և գարեջրի բաժակների, ուսումնական ծրագրերի մաս կազմող գրքերի հետ:
Նրանց խոսքերով` նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս իրենց հասակակիցներին բացահայտելու նախընտրած երկրի մշակույթը և այն կրեատիվ մտածողությամբ ներկայացնել ցուցահանդեսի այցելուներին:  
Իսկ ահա Ճապոնիայի տաղավարի ներկայացուցիչ, Սիփան Արիի փոխանցմամբ` իրենք այս երկիրը որոշել են ներկայացնել հատկապես այն պատճառով, որ վեջինս հանդիսանում է աշխարհի այն քիչ պետություններից մեկը, որ գլոբալիզացիայի այս դարաշրջանում կարողանում է ոչ միայն պահապնել, այլև տարածել սեփական մշակույթը:
«Հատկապես կենտրոնացել ենք ճապոնական մուլտֆիլմերի վրա, որոնք խորիմաստ են և մեծ հաճույքով դիտում են դեռահասները.  Այստեղ ներկայացնում ենք նաև ճապոնական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը` սուշին: Մեզ և զարմացրեց, և շատ ուրախացրեց այն փաստը, որ Ճապոնիայի փոխդեսպանը համտեսեց մեր պատրաստածը և շատ հավանեց»,- ասաց նա: 
 
Նշենք, որ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հիմնադրվել է 1990 թվականին: Այն Հայաստանում միակ միջազգային կրթահամալիրն է՝ հավաստագրված «Միջազգային բակալավրիատ»-ի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների հանրակրթական ծրագրերով: 2009 թվականից ճեմարանը նաև Հայաստանում միակ հեղինակավոր «Ռաունդ Սքուեր» ասոցիացիայի տարածաշրջանային, իսկ 2010-ից լիիրավ անդամն է:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն