Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի


Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի

  • 01-06-2016 18:34:44   | Արագածոտնի մարզ  |  Բարեգործություն
Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հունիսի 1-ին բացվեց համայնքային լոգոպեդի սենյակը: 
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) լոգոպեդ Նանե Մանուկյանը, ով աշխատում էր Արտենիում շաբաթական մեկ օր, Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանի նախաձեռնությամբ այսուհետ ծառայելու է ամբողջ համայնքի մանուկներին: 
 
Գյուղապետի համար որոշման հիմք ծառայեց իր բարեկամներից մեկի զավակը, ով ընդգրկվել էր Հիմնադրամի՝ խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ծրագրում: Մինչ այդ երեխան բաղաձայն հնչյունները չէր կարողանում արտասանել, սակայն այժմ խոսքը գրեթե ամբողջությամբ շտկվել է:
 
«COAF-ի ծրագրի օգտակարությունն ակնհայտ էր, ցանկացա ինքս էլ ներդրում ունենալ այդ գործում: Արդյունքում որոշեցինք, որ գյուղում պետք է անպայման լոգոպեդի հաստիք լինի, որպեսզի մասնագետը կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել մեր համայնքի երեխաներին»,- ասաց համայնքապետ Գեղամ Խլղաթյանը: 
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը գյուղական համայնքներում լոգոպեդական ծառայություն է իրականացնում 2011 թ.-ից: Այս պահին Արագածոտնի և Արմավիրի մարզերի 7 համայնքների 92 երեխա ծրագրի շահառու է: 
 
Արտենիում ծրագիրը գործում է արդեն 1 տարի՝ սպասարկելով նախադպրոցական և դպրոցական տարիքի 8 երեխաների, ովքեր լոգոպեդի հետ աշխատանքի կարիք ունեն: 
 
COAF «Աջակցություն խոսքի դժվարություն ունեցող երեխաներին» ենթածրագրի շրջանակներում գործող Արտենիի լոգոպեդական սենյակը համայնքապետարանի աջակցությամբ համալրվեց դիդակտիկ նյութերով, խաղերով և ծառայությանն անհրաժեշտ կահավորանքով:  
 
«Շատ կարևոր է, որ տեղական իշխանությունները գնահատում են համայնքի համար անհրաժեշտ այս ծառայությունը, ներդրում են կատարում համայնքում՝ ապահովելու ծառայության կայուն հասանելիությունը»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը: 
 
Հունիսմեկյան տրամադրությունը նաև ամբողջ համայնքում էր. սենյակի բացումից հետո մշակույթի կենտրոնի սաները, գյուղի տաղանդաշատ երեխաները ելույթ ունեցան իրենց տարեկիցների, կրտսերների և համայնքի հյուրերի համար: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն