Քառօրյա պատերազմում զոհված շիրակցիների ընտանիքները Նանտի հայկական համայնքի ուշադրության կենտրոնում են


Քառօրյա պատերազմում զոհված շիրակցիների ընտանիքները Նանտի հայկական համայնքի ուշադրության կենտրոնում են

  • 21-06-2016 17:49:42   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Ապրիլյան քառօրյա պատերազմն անտարբեր չթողեց և ոչ մի հայի: Համայն հայությունը համախմբվեց մեկ գաղափարի շուրջ. Այն է` հնարավորությունների սահմաններում աջակցել հայրենիքի դիրքերն ամուր պաշտպանող զինծառայողներին և հայրենիքի համար կյանքը նվիրաբերած քաջորդիների ընտանիքներին: Վերջիններիս աջակցելու նպատակով օրերս Ֆրանսիայի Նանտ քաղաքի հայկական համայնքի հավաքագրած գումարը հանձնվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված ավագ-լեյտենանտներ Աշոտ Շահբազյանի և Արգիշտի Գաբոյանի ընտանիքներին:  
 
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ծնված Աշոտ Շահբազյանի տնակում գումարը փոխանցողներին դիմավորում է ընտանիքի հայրը` Կարապետ Շահբազյանը, Աշոտի կրտսեր եղբայրը` Հունանը, Ախուրյանի համայնքապետը, ինչպես նաև Ախուրյանի շրջանի երկրապահ կամավորականների միության գլխավոր հրամանատարը:  
«Կարևորը նյութականը չէ, այլ ուշադրությունը»,- ասում է քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Աշոտի հայրը` որպես շնորհակալություն Ֆրանսիայի Նանտ քաղաքի հայկական համայնքի ցուցաբերած ֆինանսական աջակցության:   
Ըստ հարազատների` Աշոտը նախևառաջ շատ հոգատար մարդ է եղել, ով հարգել է դիմացինին: 
Զինվորականի մասնագիտությունը սիրով ընտրած Աշոտի հայրը, ով մասնակցել է Շուշիի ազատագրմանը, պատմում է, թե ինչպես է քառօրյա պատերազմի առաջին օրը` ապրիլի 2-ին, Աշոտն ամբողջությամբ իր վրա վերցրել վաշտին և դասակին ուղղորդելու պարտականությունը` սեփական զինվորներից պահանջելով հետ նահանջել, մինչդեռ ինքը նետվել է առաջ: 
Արցունքն աչքերին` Կարապետ Շահբազյանը տեղեկացնում է, որ որդին վիրավոր վիճակում թշնամու դեմ պայաքարել է մինչև առավոտյան ժամը ինը:  Աշոտի եղբոր` Հունանի խոսքերով` Աշոտին Արծիվ են կոչել թե իր քաջության, թե մեջքին դաջված արծվի համար:
Ցույց տալով Աշոտի հիշատակին նվիրված փոքրիկ անկյունը, որտեղ դասավորված են վերջինիս իրերը` լուսանկարներ, ծառայության ընթացքում և հետմահու ստացած պարգևներն ու շնորհակալագրերը, զինվորական համազգեստը և արծվի արձանը, Հունանը ընդգծում է. «Աշոտը բնավորությամբ շատ հանգիստ էր, մտածկոտ. Միշտ կրկնում էր. «Հայաստանի դեպքում պետք է կանգնես ու պայքարես թեկուզ մեկ մետրի համար»»:   
Ախուրյանի շրջանի երկրապահ կամավորականների միության գլխավոր հրամանատար Բարսեղ Բարսեղյանն էլ հպարտությամբ փաստում է. «Հայր և որդի Շահբազյաններն ազգի նվիրյալներ են, ովքեր հավատարիմ են մնացել իրենց երդմանը»:
Նրա համոզմամբ` հայ ազգը պատերազմներում երբևէ պարտություն չի կրել, եթե չի եղել դավադրություն: Ասվածն ապացուցել են նաև քառօրյա պատերազմում հայերնիքի պաշտպանության համար թշնամու դեմ անձնվիրաբար մարտնչող հայորդիները: 
Ֆրանսիայի Նանտ քաղաքի հայկական համայնքի կողմից հավաքագրված գումարի մյուս մասը հանձնվում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում ծնված և մեծացած Արգիշտի Գաբոյանի մորը` Հասմիկ Գաբոյանին: Վերջինս տանը մենակ էր, ամուսինը դիրքերում էր, իսկ կրտսեր տղան և աղջիկը` մայրաքաղաքում:  
Գյուղի նախկին ճաշարանում բնակվող Գաբոյանների ընտանիքը երբևէ չի մտածել կացության դժվարին պայմանների մասին, քանի որ ընտանիքի անդամներն ուրախացել են զավակների ուսումնառությամբ ու ունեցած հաջողություններով: 
Հ. Գաբոյանի խոսքերով` Արգիշտին բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք կիսատ մնացին, մասնավորապես, Թալիշում ծառայելու կարճ ժամանակահատվածում փորձել է իր վաշտում փոքրիկ թանգարանային անկյուն բացել, որը պետք է համալրեր հայ ժողովրդի հերոսների լուսանկարներով ու անձնական իրերով: 
Ուղեկցելով որդու սենյակ` տիկին Հասմիկը ցույց է տալիս Արգիշտիի անձնական իրերը, կարդացած գրքերը և նշում. «Արգիշտիս շատ խելացի էր, ես այդ առումով շատ ապահով էի: Ինքն իր դիրքերն այնպես էր ամրապնդել լրացուցիչ թաքստոցներով ու գաղտնի ելքերով, որ երբևէ մտքովս չէր անցնի, թե կարող է այսպիսի դեպք պատահել: Արգիշտիս ապրիլի 3-ին թուրքերի գրաված դիրքերը հետ վերցնելու համար հասել է դրանց որջի մոտ ու պայթեցրել, հենց էդ ժամանակ են երևի որդուս մարմինը տարել»:
Ի դեպ` տիկին Հասմիկի փոխանցմամբ` Արգիշտին մի փոքր ազատ ժամանակ ունենալու դեպքում պատմական գրքեր է կարդացել և քննարկել իր հետ. Վերջին կարդացած գիրքը եղել է Շահեն Թաթիկյանի` «Բալենին», իսկ մորը հորդորել է կարդալ Ռաֆֆու «Գեղեցիկ Վարդիկը»:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն