Գործարկվել է բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգը


Գործարկվել է բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգը

  • 23-06-2016 18:10:53   | Հայաստան  |  Բարեգործություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչություններին ու վարչական շրջանների համապատասխան բաժիններին է ներկայացվել «Բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգը»: Էլեկտրոնային համակարգը կազմվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում գույքագրել և հաշվառել մայրաքաղաքի բարեկարգված բակերը, դրանցում առկա գույքը և համակարգի միջոցով մշտական հսկողության իրականացնել: Բազայում ներառվելու են մայրաքաղաքի նախկինում նորոգված բոլոր բակերը՝ կից հասցեներով, առկա մանկական խաղերը՝ այդ թվում տվյալ պահի դրությամբ նորոգման անհրաժեշտություն ունեցողները, ֆուտբոլի խաղադաշտերը, տաղավարները, նստարաններն ու աղբամանները, լուսավորության համակարգը: Յուրաքանչյուր բակի և գույքի վերաբերյալ տեղադրվելու են առանձին լուսանկարներ: Համակարգում առանձին նշվելու է նաև, թե որ կառույցը կամ կազմակերպությունն է պատասխանատու բակի բարեկարգ վիճակի պահպանման համար: Ներբեռնված բոլոր տվյալները պարբերաբար թարմացվելու են:
 
  Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը կարևորելով միասնական ծրագրի ներդրումը նշել է, որ ինչպես 2013թ. տարեվերջից գործարկված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական, այնպես էլ բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգն աշխատանքը դարձնում է մի քանի անգամ ավելի արդյունավետ ու առավել կազմակերպված: 
  «Երևանի քաղաքապետարանը վերջին տարիների ընթացքում բակերի բարեկարգման խոշորածավալ ծրագիր է իրականացնում, և ամեն տարի բազմաթիվ բակեր նորոգված ու կահավորված հանձնվում են բնակիչներին: Պարբերաբար գույքագրվում են նաև դեռևս չնորոգված բակային տարածքներն ու նաև այն բակերը, որտեղ նորոգման անհրաժեշտություն է լինում: Այդ առումով համակարգի ներդրմամբ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում: Էլեկտրոնային համակարգում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքը գնահատվելու է և ներառվելու է վարչական շրջանների աշխատանքների գնահատման ու վերլուծության ամենամսյա և տարեկան արդյունքներում»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Բարեգործություն