20 տարի տնակում ապրած ընտանիքի երազանքը


20 տարի տնակում ապրած ընտանիքի երազանքը

  • 24-06-2016 14:09:12   | Արագածոտնի մարզ  |  Բարեգործություն
Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը 20 տարի անց միայն կարող է զգալ սեփական տանիք ունենալու բերկրանքը:
 
Խաչատրյանների ընտանիքն արդեն երկու տասնամյակ է՝ ապրում էր մետաղական վագոն-տնակում: Նրանց կյանքը, կարելի է ասել, մաշվել էր այդ տեսակ ապրուստից, եւ ընտանիքի անդամները որեւէ հույս չունեին, որ մի օր իրենց «փողոցում էլ հարսանիք կլինի»: Քառանդամ ընտանիքի հայր Մելքոն Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում պատմեց, որ 1997-ից տեղափոխվել եւ բնակվում է մոտավորապես 18 քմ տարածք ունեցող տնակում. «Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրում՝ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Դոմիկի մի հատվածը եղբայրս է օգնել կառուցել»:
 
Խաչատրյանները երկու որդի ունեն, մեծն արդեն մեկուկես տարի է՝ վերադարձել է ծառայությունից, իսկ փոքրն արդեն երեք ամիս է՝ ծառայում է բանակում` Մարտակերտում: Ընտանիքի մայրը՝ տիկին Ջուլիետան, պատմեց, որ մեծ որդին երեք տարեկան է եղել, երբ տեղափոխվել են «դոմիկում» ապրելու. որդուն այստեղից էլ բանակ է ճանապարհել, իսկ փոքրը հենց տնակում էլ ծնվել է: «Մի քիչ նեղված, դժվարությամբ հասցրել ենք էս օրվան»,- ասում է նա: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը տնտեսությունն է՝ անասնապահություն, հողագործություն: Մելքոն Խաչատրյանի խոսքերով՝ մինչ այս օրը որեւէ մեկից օգնություն չի ստացել. «Տնտեսությամբ ենք ապրում. կով, հավ ունենք, բայց հիմա դժվարանում ենք` հող մշակելով յոլա էինք գնում: Գյուղապետարան եմ դիմել, «Փարոս» էինք ստանում, բայց տղես գնաց բանակ, կտրեցին, էլ չտվեցին»: Մելքոն Խաչատրյանն ինը տարի առաջ սկսել է տան շինարարությունը, բայց չի կարողացել ավարտին հասցնել. «Վեց տարի կառուցել եմ, չեմ կարողացել ավարտին հասցնել: Կարողացել եմ ընդամենը պատերը կանգնեցնել եւ ծածկ դնել»: Մելքոն Խաչատրյանն էլ գյուղի մյուս տղամարդկանց նման ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի, այս տարի տան շինարարության պատճառով չի կարողանա գնալ, սակայն ժպտում է՝ ասելով, որ նման բանի համար արժե չգնալ: Մեզ հետ զրույցում տիկին Ջուլիետան փաստեց, որ տղան գործազուրկ է. դպրոցն ավարտելուն պես զորակոչվել է բանակ. «Տարիուկես է՝ եկել է: Ուզում է աշխատել, ուզում է մի տեղ սովորել, պարզապես գումար չունենք: Մեկ-երկու անգամ գնաց Երեւան, դիմեց, որ գնար աշխատեր ոստիկան, ասացին` հարմար չի, չգիտեմ ինչի, չստացվեց»: Նա նաեւ պատմեց, որ ունեն բնական գազի, ոռոգման ջրի խնդիրներ. «Միայն մենք չէ՝ ամբողջ գյուղը: Մեզ գյուղապետարանից ասում են՝ կլինի, բայց տենց էլ չի լինում: Այդ հարցը գյուղապետարանը պետք է լուծի: Նստած է գյուղապետարանում գյուղի գլխավորը, թող լուծի: Բացարձակ ոռոգման ջուր չունենք: Այս տարի, որ սարերում ձյուն շատ եկավ, ջուրը կա, տալիս են մեզ օրը մեկից երկու ժամ: Հավաքում ենք էդ մի ժամում մի ամբողջ օրվա համար, բայց դե, գյուղ է, գյուղի աշխատանք, չի հերիքում»: Տիկին Ջուլիետայի խոսքերով՝ թեեւ իրենց գյուղից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի, բայց գոնե լավ է, որ Կաքավաձորում փակված դռներ չկան: Ի դեպ, տունն ամբողջությամբ կառուցելու եւ հարդարելու համար ընտանիքին օգնել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»` բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Տարեվերջին ավարտին կհասցվեն շինարարական աշխատանքները: Ինչպես նշում են նախագծի տնօրենները, ամեն ինչ կարվի, որ ընտանիքն ունենա լիարժեք կացարան՝ իր բոլոր հարմարություններով: Տան վեր խոյանալուն զուգահեռ էլ տանտերերի երազանքներն են ծնունդ առնում` իրականություն դառնալու հույսով: Մելքոն Խաչատրյանի երազանքներից մեկը տղաներին ամուսնացնելն է ու տունը թոռնիկներով լցնելը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն