Օժանդակություն վիրավոր զինծառայողներին


Օժանդակություն վիրավոր զինծառայողներին

  • 30-06-2016 14:28:51   | Գեղարքունինքի մարզ  |  Բարեգործություն

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Թեքեյան Թրաստի նախաձեռնությամբ, Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվեց դրամահավաք՝ օժանդակելու Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին: 
 
ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ՝ հանգանակված 2,1 մլն դրամը հատկացվեց Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողների՝ Նորայր Զախարյան /ք. Գավառ/, Աշոտ Գասպարյան /գյուղ Կարմիր/, Գեւորգ Բաղդասարյան /գյուղ Լճափ/, Անդրանիկ Աթալյան /գյուղ Շատջրեկ/, Արմեն Սիմոնյան /ք. Վարդենիս/, Ռուբեն Գեւորգյան /գյուղ Փոքր Մասրիկ/, Ավետիս Զարգարյան /գյուղ Սոտք/, Հայկ Մինասյան /ք. Վարդենիս/, Համբարձում Վարդանով /գյուղ Այգուտ/, Գուրգեն Առուստամյան /ք. Ճամբարակ/, Դավիթ Ազիզյան /գյուղ Վարսեր/, Վահան Սարգսյան /գյուղ Զոլաքար/, Հրայր Բաղդասարյան /գյուղ Լիճք/:
 
Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, վիրավոր զինծառայողներ եւ ծնողներ, բացվեց մարզպետի ողջույնի եւ հերոս-զինվորների մեծարման խոսքով. «Մեր տղաները փառավոր սխրանքներ են գործել ռազմադաշտում, իսկ ապրիլյան իրադարձությունները համախմբել են մեր ազգը մեկ նպատակի շուրջ, եւ այսուհետ այդ համախմբումը պետք է ամրապնդվի»: Նա հավաստիացրեց, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում շարունակում է օգնել զոհված եւ վիրավոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: Մարզպետը խոստացավ օգնել նաեւ աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերում: 
 
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, երախտապարտ լինելով զինծառայողներին Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների կյանքը եւ առհասարակ Հայրենիքը փրկելու համար, նշեց, որ ապրիլյան դեպքերից անմիջապես հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է արել սփյուռքի կազմակերպություններին նյութական օժանդակություն հատկացնել տուժած զինծառայողներին: 
 
Այդ կոչին անտարբեր չէր մնացել նաեւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հանդիպմանը եկել էր հանգանակված գումարով: Դրամական օգնությունը հանձնելով Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողներին, տնօրենը հավելեց. «Ապրիլյան քառօրյա հերոսամարտերը ալեկոծեցին համայն հայությանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիվ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին եւ հավատում մեր վաղվա անվտանգ օրվան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին դրամական աջակցությունն է, սակայն աշխատանքներ ենք տանում, որ այն լինի շարունակական»:
 
Հանդիպման վերջում զինծառայողներն ու ծնողները շնորհակալություն հայտնեցին բոլոր սրտացավ անձանց, բարերարներին աջակցության եւ հոգատարության համար:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն