Վայոց Ձորում իրականացվել են ակնաբուժական աշխատանքներ


Վայոց Ձորում իրականացվել են ակնաբուժական աշխատանքներ

  • 01-07-2016 12:57:11   | Վայոց ձորի մարզ  |  Բարեգործություն

Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, մարզի դպրոցներում անցկացվել են ակնային զննումներ:
 
Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց Ձորի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի եւ «Ucom» հիմնադրամի ղեկավարությունը:
«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է աշխատում Աչքի շարժական հիվանդանոցը: Երկու օր առաջ այստեղ վիրահատված հիվանդի վիճակը նույնքան գոհացուցիչ է, որքան այն հիվանդներինը, ում վիրահատում ենք ԱՄՆ-ում՝ այնտեղի սարքավորումներով, - ասաց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, որ Հայաստանում է ՀԱՆ բժշկական 52-րդ առաքելության շրջանակներում: - Շատ ուրախ եմ, որ «Ucom»-ի հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք Հայաստանի տարբեր համայնքներում բնակիչներին ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցել»: 
«Ucom Հիմնադրամը հպարտությամբ է աջակցում մի նախագծի, որի շրջանակներում հայերի առողջությունը գործնականում բարելավվում է: Այսօր վիրահատված տասնյակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ ուղղակի հիանում էի նրանց լավատեսությամբ ու այն խոսքերով, որ իրենք շռայլում են բժիշկներին և մյուս հիվանդներին ոգեշնչելու համար», - ասաց «Ucom» հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
«Իրապես շատ կարեւոր է այս աշխատանքը, որ իրականացնում ենք համատեղ ուժերով: Հաճելի է մարդկանցից լսել բազմաթիվ մաղթանքներ եւ շնորհակալական խոսքեր, եւ կանենք ամեն հնարավորը, որպեսզի ծրագիրը շարունակի գործել նույնքան արդյունավետ», - ասաց ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Վայոց Ձորի մարզում ակնային ստուգում է անցել շուրջ 1000 երեխա եւ 800 մեծահասակ, նրանցից 400 մեծահասակ խորացված հետազոտություն է անցել Աչքի շարժական հիվանդանոցում, շուրջ 150 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել, ծրագրի շրջանակներում եւս 150 հոգու ակնոց է տրամադրվել: Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն աշնանը:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն