Իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը


Իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

  • 21-07-2016 13:57:26   | Հայաստան  |  Նոր գրքեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին: 
Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն  վտանգավոր եւ անհեռանկար  գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ անում  ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»: 
 
 
Կրճատվում են պետբյուջեի ծախսերը
 
 
Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ պետական իշխանության մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով:
Որոշման ընդունմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը 2016թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների  կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, lամապատասխան փոփոխություն է կատարվել նաև կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր