Նոր սկանդալ «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայությունում
02-05-2011 16:22:53 | Հայաստան | Սպորտ
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել իրենց կառույցին «Բարսելոնայի» 6 ֆուտբոլիստների եւ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով:
Բողոքի պատճառ է հանդիսացել Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որտեղ կատալոնացիները Լեո Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթել են 0-2 հաշվով: Նշենք, որ երկու ակումբներն էլ արդեն պաշտոնական բողոք-դիմում են ներկայացրել ՈՒԵՖԱ: «Բարսելոնան» պահանջում է պատժել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին՝ նրա մեկնաբանությունների համար: Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղից հետո, պորտուգալացին նշել էր, որ կապտա-նռնագույնները մեծ կապեր ունեն ՈՒԵՖԱ-ում, ինչի շնորհիվ մրցավարներն իրենց օգտին որոշումներ են կայացնում:
Իր հերթին, «Արքայական ակումբը» ներկայացված բողոքում հայցել է պատժամիջոցներ կիրառել «բլագուրանայի» մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ: Մասնավորապես «Ռեալը» ցանկանում է, որպեսզի ՈՒԵՖԱ-ն որակազրկի Դանիել Ալվեսին, Պեդրո Ռոդրիգեսին եւ Սերխիո Բուսկետսին երկու խաղով՝ ոչ սպորտային պահվածքի համար: Վերջինս Մարսելոյին հանդիպման ժամանակ երկու անգամ կապիկ է անվանել, ինչն ապացուցող նույնիսկ տեսանյութեր կան: Բացի դրանից, «սերուցքայինները» պահնաջում են 1 խաղով որակազրկել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մանուել Պինտոյին, Վիկտոր Վալդեսին եւ Սեյդու Կեյտային:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերի պատասխան հանիպումը կայանալու է մայիսի 3-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: