Երևանում շուրջ 270 հյուրերի մասնակցությամբ կայացավ Օրրանի 11-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը (տեսանյութ)


Երևանում շուրջ 270 հյուրերի մասնակցությամբ կայացավ Օրրանի 11-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը (տեսանյութ)

  • 19-09-2016 19:33:51   | Հայաստան  |  Բարեգործություն



11-րդ տարին անընդմեջ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մատուցվեց ամենամյա բարեգործական ընթրիք. նպատակն է` նվիրատվությունների միջոցով դրամական միջոցներ հավաքել «Օրրան»-ի` Երևանում և Վանաձորում գործող կենտրոններ այցելող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և տարեցների համար: 
 
Միջոցառմանը մասնակից շուրջ 270 հյուրերի շարքերում էին  երկու տասնյակից ավելի տեղական ընկերությունների, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, արտերկրից ժամանած նվիրատուներ, հին ու նոր աջակիցներ, հայտնի մշակութային գործիչներ, շոու բիզնեսի և լրատվամիջոցների դեմքեր: 
Ավանդույթի համաձայն` տոնական միջոցառումը մեկնարկեց Նաթան Սրբազանի կողմից ճաշի օրհնությամբ և տերունական աղոթքով:  
Արմինե Հովհաննիսյանն ուրախությամբ փաստում է. «Տարեց տարի ավելանում է օգնել ցանկացող խոշոր ձեռնարկությունների թիվը, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվում. Արդյունքում թե անհատները, թե կազմակերպությունների ներկայացուցիչները սկսում են գիտակցել, որ պարտավոր են աջակցել, որպեսզի Հայաստանում չլինեն սոված երեխաներ, աղքատ տարեցներ և հուսահատ մարդիկ»:
Կարևորելով և բարձր գնահատելով «Օրրան»-ի բարեգործական ընթրիքի անցկացումը`  հավատարիմ ընկեր, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ցավով նշում է, որ Հայաստանում երեխաների 30 տոկոսն աղքատ են, մինչդեռ պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի նման երեխաներ չլինեին: 
Երեկոյի ողջ ընթացքն ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ և «Օրրան»-ի երեխաների կատարումներով, ապա ավանդական բարեգործական ճաշկերույթին հաջորդեց աճուրդը: Նշենք, որ մինչ օրս «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն օգնել է ավելի քան 30 հազար մարդու` տրամադրելով սնունդ, հագուստ, կրթական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` «Նոյյան Տապան»-ի  
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն