Տեղի է ունեցել ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված գրքերի շնորհանդեսը


Տեղի է ունեցել ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված գրքերի շնորհանդեսը

  • 18-10-2016 18:57:59   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված՝ «Խնդալու ցանկությամբ», «Հայ դատ, մտածել և հետապնդել», «Գրական արձագանգներ», «Անանունների կյանքի շերտը», «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ», «Օրիորդ Աննայի Սերը, սերերը… և մյուսները» գրքերի շնորհանդեսը:
 
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ  Սուրեն Դանիելյանը, բ.գ.դ.պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը և այլ մտավորականներ, հյուրեր:
Ողջունելով տեր և տիկին Պալյաններին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հակոբ Պալյանը սփյուռքյան մտավորականության այն առաջամարտիկներից է, ով ամբողջ կյանքում պայքարել է մայրենիի պաշտպանության և տարածման համար: Հայ մամուլում լույս տեսած հարյուրավոր հոդվածներից («Ազդակ», «Կամք», «Հայրենիք», «Հորիզոն», «Ասպարեզ», «Ազգ»), Փարիզի «Այբ» ձայնասփյուռի ամենօրյա քրոնիկներից, «Բագին» ամսագրի գրական էջերից բացի՝ Պալյանը հրապարակել է բազմաթիվ հատորներ: Ավելի քան տասը տարի ղեկավարել  է «Բագին» գրական հանդեսի խմբագրությունը»: 
Նախարարն ընդգծեց, որ Պալյանը Սփյուռքում հայապահպանություն իրականացնող այն բացառիկ անհատներից է, ով երբեք չխամրող իր գրչով վեր է հանում հայության առջև ծառացող խնդիրները: «Ազգային ինքնության պահպանման համար պայքարի լավագույն միջոցը Հայաստանի հզորացումն է, որտեղից երբևէ չեն հեռանա և ընդմիշտ Հայրենիք կվերադառնան մեր հայորդիները, ինչպես որ վերջերս Հայաստան մշտական բնակություն հաստատեցին տեր և տիկին  Պալյանները», - հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Սփյուռքում ապրող հայ գրողն ավելին է, քան միայն ստեղծագործողը: Հայապահպանություն իրականացնելու հրամայականով պայմանավորված՝ հայ գրողը Սփյուռքում նաև դառնում է կրթական գործի կազմակերպիչ, հրապարակախոս, լրագրող և այլն:
Վերլուծելով հեղինակի վերջին շրջանի ստեղծագործությունները՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ Պալյանը մերօրյա Սփյուռքի ամենաբեղմնավոր գրիչներից է, ում նպատակը հայապահպանությունն է:
 
Գրողների միության փոխնախագահ Պետրոս Դեմիրճյանը կարևորեց Պալյանի՝ մշակութային քաղաքականության ռազմավարության մշակման միտքը:
ԵՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ամբիոնի վարիչ  Սուրեն Դանիելյանը պաշտպանեց Պալյանի այն միտքը, որ հայ գրականությունը պետք է ստեղծվի միայն հայերենով: «Իր բոլոր աշխատություններում հեղինակն ազգային ինքնության պահպանման գիտական մոտեցում է ցուցաբերում», - նշեց Դանիելյանը:
Բ.գ.դ. պրոֆեսոր Արտեմ Հարությունյանն ընդգծեց, որ Պալյանը հայ գրականության նվիրյալ է և հայ ինքնության պահպանման՝ հեղինակի մաքառումները մեր գրականության լավագույն դրսևորումներից են: «Պալյանը փայլուն գիտե եվրոպական գրականությունը, ինչն ավելի է արժևորում նրա գրական ստեղծագործությունները», - հավելեց Հարությունյանը:
Հանդիպման ավարտին հանդես եկավ հեղինակը՝ Հակոբ Պալյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին երկրորդ անգամ իր հետ նման հանդիպում կազմակերպելու համար: «Մենք այսօր ունենք մեր գրականության և մշակույթի պահպանման ռազմավարության մշակման խնդիր: Այս իմաստով մենք պետք է օրինակ վերցնենք հրեաներից, - նշեց Պալյանը՝ հավելելով, - շատ կուզեմ, որ մեր հրապարակախոսները հրապարակախոսությունը չվերածեն ճառախոսության և գրեն հնարավորինս սեղմ: Պետք է հասկանալ ասելիքի խորքը: Այսօր հայրենասերը այն հայ մարդն է, ով գալիս և բնակվում է Հայաստանում, իր աշխատանքով և մտքով շենացնում մեր երկիրը»:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր