«Այլկերպիկ» ինտելեկտուալ խաղը կօգնի երեխաներին առօրյայում կիրառել գրական հայերեն և զարգացնել մտավոր ակտիվությունը (տեսանյութ)
31-10-2016 19:16:05 | Հայաստան | Հասարակություն
Երեխաներին բացառապես գրական հայերենով բառեր սովորեցնելու և նրանց տեսաճանաչողական ընկալումները զարգացնելու համար այժմ բոլոր ծնողներն ունեն նոր օգնական թիմային մանկական խաղի տեսքով:
200 քարտերից բաղկացած «Այլկերպիկ»-ը նկարների և բառերի միջոցով կօգնի 4-ից 8 և 8-14 տարեկան երեխաներին զարգացնել մտավոր ակտիվությունը, բանավոր խոսքը, հաղորդակցման ունակությունները, ենթագիտակցորեն խթանել մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանությունը և երևակայությունը:
Ինտելեկտուալ խաղի նպատակն է կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն:
Երկու տարիքային խմբերի համար նախատեսված խաղի կանոնները շատ պարզ են, ընդամենն անհրաժեշտ է թիմ կազմել և փորձել 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերն այլկերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, զգացողությունների միջոցով, ինչպես նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ:
Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է, իսկ հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավորներ:
ԱՅԼԿԵՐՊ ընկերության և Բուկինիստ գրախանութի համատեղ ուժերով կազմակերպված շնորհանդեսի ընթացքում խաղի նկատմամբ հետաքրքրվածություն դրսևորած ծնողներն իրենց փոքրիկների մասնակցությամբ ականատես եղան զվարճալի և ուսուցողական առաջին մրցաշարին, որի հաղթողները պարգևատրվեցին նվերներով:
Գրական հայերենի գործածությունն առօրյայում ակտիվացնելու և հետաքրքիր ժամանց ստեղծելու նպատակով ի սկզբանե գործի լծված աղջիկները փաստում են. ««Այլկերպիկ»-ը երեխաներին հասանելի ժամանցի ինքնատիպ մի միջոց է` գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ: Այն կլանում է նրանց ուշադրությունը և խաղի ողջ ընթացքում մտավոր ակտիվություն ապահովում»:
«Խաղում ենք հայերեն» կարգախոսի ներքո թողարկվող «Այլկերպիկ»-ը երաշխավորված է ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից, որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ: Այն կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներից:
Նյութը կարող եք կարդալ նաև kids.nt.am մանկական կայքում: