Ջավախահայությունը հերոսների ընտանիքների կողքինն է


Ջավախահայությունը հերոսների ընտանիքների կողքինն է

  • 07-11-2016 11:14:31   | Վրաստան  |  Բարեգործություն

2016 թ. ապրիլի 2-5-ին և դրան հաջորդող շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հերոսաբար ընկած զինվորականների ընտանքիներին աջակցելու խնդիրը շարունակում է մնալ ջավախահայության ուշադրության կենտրոնում: Այս ընթացքում և՛ Ջավախքի առանձին շրջաններ, և՛ գյուղեր կամ քաղաքներ, և՛ անհատներ կամ կազմակերպություններ իրենց նյութաբարոյական օժանդակությունն են հասցրել ինչպես Արցախի կառավարությանը, Պաշտպանության բանակին, այնպես էլ զոհված զինծառայողների ընտանքիներին: 
 
Վերջին շրջանում այդ գործին ձեռնամուխ էին եղել նաև Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի) շրջանի Գանձայի և Սաղամոյի բնակիչները: Ապրելով իրենց հայրենակիցների ցավերով՝ նշյալ գյուղական հասարակության ներկայացուցիչները՝ ուսուցչից մինչև հողագործ, մտավորականից մինչև շինարար, արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդներից մինչև գյուղում անասնապահությամբ սեփական ապրուստը հոգացող տարեցներ, իրենց սուղ միջոցներից հատկացրել են դրամական միջոցներ:
 
Հանգանակված ընդհանուր գումարը, որը կազմում էր 3950 լարի (մոտ 790.000 ՀՀ դրամ),  օրերս փոխանցվեց 2016 թ. ապրիլյան պատերազմում և դրան հաջորդող ժամանակահատվածում զոհված, արմատներով ջավախահայ չորս զինծառայողների ընտանիքներին, ի մասնավորի՝ Խաչատուր Վարդանի Հարությունյանի (Շիրակի մարզ, գ.  Լուսաղբյուր, արմատները՝ Նինոծմինդայի շրջան, գ. Գանձա), Արմենակ Մերսի Ուրֆանյանի (Երևան, արմատները՝ Նինոծմինդայի շրջան, գ. Փոկա), Հայկ Վահանի Թորոյանի (Երևան, արմատները՝ Ախալքալաքի շրջան, գ. Սուլդա) և Տիգրան Էդվարդի Բերակչյանի (Երևան, արմատները՝ Ախալքալաքի շրջան, գ. Լոմատուրցխ) ընտանիքներին:
 
Շնորհակալություն Գանձայի և Սաղամոյի հասարակություններին: 
Փա՛ռք մեր հերոսներին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն