www.kids.nt.am Երեխայի երջանկության բանաձեւը


www.kids.nt.am Երեխայի երջանկության բանաձեւը

  • 17-11-2016 19:06:43   | Հայաստան  |  Մանկական էջ

Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի երեխան իրեն զգա եւ լինի երջանիկ.
 
1. Պետք է, որ երեխայի շրջապատում լինեն կենսուրախ երեխաներ: Ուրախությունը վարակիչ է: Հոգեբանները պնդում են, որ մանկուց երջանիկ մարդկանցով շրջապատված մարդիկ ապագայում մեծ հավանականությամբ նույնպես դառնում են երջանիկ՝ մանկուց սովորած լինելով ճանաչել եւ զգալ երջանկությունը:
2. Ձգտել, որպեսզի երեխան ավելի շատ ժպտա, քան լացի: Առիթներ ստեղծել, որպեսզի երեխայի հիշողության մեջ տպավորվի ավելի շատ դրականը, քան բացասականը, տխուրը: Խնդրել, որպեսզի երեխան կիսվի Ձեզ հետ իր դրական հիշողությամբ՝ պատմի իր հետ կատարված զվարճալի դեպքի մասին եւ այլն:
3. Սովորեցնել երեխային շուտ վերականգնվել որեւէ տհաճ դեպքից հետո. լինի դա մայրիկի զայրույթը, խաղալիքի կորուստը, մանկապարտեզում կամ դպրոցում որեւէ միջադեպ եւ այլն: Կյանքի  անախորժություններից ոչ մի մարդ ապահովագրված չէ, սակայն ոմանք ընկնում են դեպրեսիայի մեջ եւ չեն գտնում ուժ հաղթահարելու այն: Երեխան վաղ մանկուց պետք է հասկանա, որ կարող է նաեւ վայր ընկնել, բայց  հետո պետք է բարձրանա եւ շարունակի վազվզել: Ճապոնացներն ասում են. «Ընկիր յոթ անգամ, վեր կաց՝ ութ անգամ»:
4. Սովորեցնել երեխային նկատել լավը, դրականը: Հայտնի ճշմարտություն է. հոռետեսի ընկալմամբ՝ բաժակը կիսով չափ դատարկ է, իսկ լավատեսն ասում է՝ բաժակը կիսով չափ լիքն է: Նկատել դրականը եւ ընդունել այն՝ մեծ վարպետություն է, որը պետք է մարդը դաստիարակի իր մեջ վաղ մանկուց: Այդպես եւ դրականը «կնկատի» այդ մարդուն: Լավատեսությունը դրական է ազդում նաեւ առողջության վրա՝ չթողնելով տրվել սթրեսներին, ուստի եւ ճանապարհը փակելով սթրեսին հետեւող տարբեր հիվանդությունների համար:  Ամեն ինչի մեջ դրականը տեսնելուն ձգտող միտքը միշտ կգտնի բացասականը դրականի վերածելու ուղին, ինչը եւ կբերի նրան երջանկության: Եվ որքան շուտ զարգացնի երեխան իր մեջ այդ ունակությունը, այնքան պաշտպանված կլինի ամբողջ կյանքում:
5. Ուրախանալ երեխայի թեկուզ փոքր նվաճումներով, առաջընթացով եւ  սովորեցնել նրան նույնպես ուրախանալ իր հաղթանակներով: Սովորել ուրախանալ ոչ պակաս կարեւոր է, քան, ասենք, սովորել որեւէ օտար լեզու: Ուրախության զգացողությունը մեծ ուժ է տալիս մարդուն եւ ճանապարհ հարթում դեպի երջանկության զգացողությունը:
6. Սովորեցնել երեխային գնահատել կյանքի ամենապարզ հաճույքները՝  ծիածանի հայտնվելը,  միասին անցկացրած գեղեցիկ օրը եւ այլն: Ամենափոքր մանրուքներում երջանկություն զգալը եւ ունեցածի համար շնորհակալ լինելը ուղիղ կերպով կապված է ուրախության զգացողության հետ եւ հատուկ է հենց երջանիկ մարդկանց:
7. Սեփական օրինակով հասկացնել երեխային, որ բարի արարքն անհրաժեշտություն է: Եթե ծնողն ուզում է, որ երեխան սովորի գործել բարին, որն անպայման կվերադառնա նրան, ապա հորդորներից եւ խոսքերից ավելի զորեղ են սեփական  բարի գործերը, որովհետեւ ծնողը երեխայի համար հեղինակություն է, կրկնօրինակման օրինակ: Հարազատների, ընկերների, կարեւոր չէ, թե ում համար  բարի գործեր անող երեխային մանկուց ծանոթ կդառնա «օգնելու հաճույքը», որը հոգեբանների գնահատմամբ համարվում է մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության 1 դեղահաբը:
8. Հնարավորություն տալ, որպեսզի երեխան «տարվի» իր սիրած գործով՝ ձգտելով հասնել հաջողության: Երբ երեխան զգում է, որ իր որեւէ զբաղմունքի մեջ՝ խաղի, ձեռքի աշխատանքի, սպորտի, նկարչության եւ այլնի, ինքը ձեռք է բերում որոշակի հմտություններ եւ կիրառելով դրանք՝ ստանում դրական արդյունք, նա շարունակաբար զարգանում է եւ ձգտում ավելի մեծ արդյունքների: Երջանիկ է նա, ով գտնում է իր սիրած գործը, հնարավորություն ունենում զբաղվել այդ գործով եւ  շարունակ կատարելագործվել. նա միշտ գտնվում է «ոգեշնչման հոսքի» մեջ:
9. Ընտրել երեխայի համար այնպիսի միջավայր (մանկապարտեզ, դպրոց, զարգացման կենտրոններ եւ այլն), որտեղ նա հնարավորություն կունենա գտնել լավ ընկերների: Երեխան միշտ պետք է ունենա առնվազն մեկ լավագույն ընկեր/ընկերուհի, ում հետ կարողանա կիսել իր զգացմունքներն ու հույզերը եւ չզգա իրեն միայնակ: Լավ է, եթե նա նաեւ կարող է իրեն հուզող բոլոր հարցերով կիսվել ծնողների կամ նրանցից որեւէ մեկի հետ, սակայն իրականում ոչ ամեն ինչն են երեխաները պատմում ծնողներին կամ քույրեր-եղբայրներին, եւ այստեղ շատ կարեւոր է նրա նման բարի, միշտ օգնության պատրաստ ընկերոջ դերը, հատկապես, եթե ընկերները շփվում են ոչ միայն սոցիալական ցանցերով, այլեւ կա «կենդանի շփում»:
10. Սովորել լսել երեխային եւ սովորեցնել նրան նույնպես լսել: Շատ հաճախ ծնողները լինում են այնքան զբաղված կամ հոգնած, որ չեն կարողանում ընկալել իրենց երեխայի պատմածը: Մի քանի անգամ ծնողի հետ իր ուրախությամբ կամ իրեն տխրեցնող որեւէ հանգամանքով ապարդյուն կիսվելուց հետո երեխան հետզհետե դադարում է շփվել ծնողի հետ, ինչից իրեն բնավ երջանիկ չի գզում: Իսկ երբ երեխային լսում եք՝ Դուք ցույց եք տալիս, որ նա կարեւոր է Ձեզ համար, ինչը նրա համար երջանկություն է: Այդպես նա եւս սովորում է լսել Ձեզ, ուրիշ մարդկանց` հասկանալով արդեն, որ նման կերպ է ամրապնդվում մտերմությունը եւ փոխադարձ հարգանքը:
11. Չճնշել եւ երես չտալ երեխային: Ծնողներից շատերը կարծում են, որ դաստիարակության հարցում ամենակարեւորը խստությունն է, տեղի-անտեղի սահմանափակումները: Մյուսները՝ հակառակը, ամեն ինչ թույլ են տալիս երեխային` դարձնելով նրան երեսառած: Երկու ծայրահեղություններից էլ երեխան տուժում է. առաջին դեպքում նա սկսում է հմտորեն շրջանցել ծնողների սահմանափակումները՝ սովորելով ստել, իսկ սուտասան մարդը երբեք չի լինի երջանիկ, երկրորդ դեպքում, բախվելով իրականության հետ, երեսառած երեխան չի կարողանում հաղթահարել ամենապարզ դժվարությունները, դրսեւորում է ծայրահեղ անհանդուրժողականություն, ինչը նույնպես վերջիվերջո հանգեցնում է նյարդային համակարգի լարվածության, այլ ոչ թե երջանկության:
12. Չթողնել երեխային մենակ:  Ոչ միայն ուղիղ իմաստով: «Գործ եմ անում, մի խանգարիր», «շատ  հոգնած եմ, թող մի քիչ հանգստանամ…, քնեմ… ֆիլմ դիտեմ» եւ այլն, եւ այլն (ընդ որում, սա ասում են ոչ միայն աշխատող ծնողները): Երեխան հետզհետե մեկուսանում է՝ սովորելով մնալ մենակ՝  ինքն իր հետ: Երեխան մնում է մենակ նաեւ, երբ նրա խնամքը եւ դաստիարակությունը վերահանձնարարվում է տատիկներին կամ դայակներին: Երեխան ամբողջ օրը չի տեսնում ծնողին, կարոտում է, իսկ երբ ծնողը վերջապես վերադառնում է տուն, ապա 5-10 րոպե անց ասում է նույն այդ «մի խանգարի»-ն: Մինչդեռ բոլորը քաջ գիտակցում են, որ ամենաթանկ բանը, որն ունի երեխան՝ ծնողն է: Եվ ամենաթանկ բանը, որ ունի ծնողը՝ նրա երեխան է: Սիրո եւ ուշադրության կարոտ երեխան «փակվում է» իր մեջ, մինչդեռ ծնողների գուրգուրանքը եւ ուշադրությունը վայելող երեխայի նյարդային համակարգը չի ստանում ցավոտ հարվածներ, իսկ ուղեղում սկսում են ձեւավորվել սիրո վրա հիմնված առողջ հարաբերությունների սաղմերը:
 
Այսպիսով, երեխան երջանիկ է, երբ իրենով զբաղվում են:
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play