Երեխայի առողջական կամ ֆիզիկական խնդիրները պատճառ չեն նրան լքելու համար. բարի մամաներ (տեսանյութ)


Երեխայի առողջական կամ ֆիզիկական խնդիրները պատճառ չեն նրան լքելու համար. բարի մամաներ (տեսանյութ)

  • 02-12-2016 20:27:11   | Հայաստան  |  Բարեգործություն



Այս տարի Հայաստում իրենց նորածին զավակներից հրաժարվել է 35 ծնող. այս ցուցինիշը, ինչպես հետեւում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության տվյալներից, գրեթե երկու անգամ պակաս է նախորդ երկու տարիների համեմատ. 2014 թվականին ծննդատներում սեփական երեխաների նկատմամբ ունեցած իրավունքներից հրաժարվել է 67, իսկ 2015-ին` 70 ծնող:  Բոլոր դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները տեղավորվել են մանկատներում:
 
Ինչպես նշում է նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը, Հայաստանում ծնողն իր նորածին երեխայից հիմնականում հրաժարվում է, երբ փոքրիկն ունենում է առողջական ծանր խնդիրներ կամ պարզապես հաշմանադմություն:
Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանի կարծիքով` նման ցավալի իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել երիտասարդ ծնողների հետ եւ ապահովել պետական աջակցություն: Այսպես, ըստ նրա, երկրում նման խնդիրներ ունեցող երեխաների համար բուժսպասարկումը պետք է դառնա ավելի մատչելի, զարգանան 
որոշակի ենթակառուցվածքներ, ծնողների համար անցկացվեն ծնողավարման դասընթացներ, իսկ խնամատար ընտանիքներին տրամադրվի համապատասխան աջակցություն: 
Ստեղծված իրավիճակում մեծ է նաեւ հասարակության դերը: Այսպես, չհամակերպվելով այն իրողության հետ, որ հայ ընտանիքը կարող է լքել իր զավակին, 2,5 տարի առաջ մի խումբ մայրիկներ միավորվեցին «Բարի մամա» ֆեյսբուքյան նախաձեռնության շուրջ,  որը հետագայում վերածվեց բարեգործական հասարակական կազմակերպության: Այսօր շուրջ 6000 բարի մամաներից բաղկացած հասարակական կազմակերպությունը կամավոր հիմունքներով նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերում ինչպես հանրապետության ծննդատներում լքված, այնպես էլ մանկատներում գտնվող երեխաներին: «Բարի մամա» կազմակերպության անդամների համոզմամբ` յուրաքանչյուր երեխա պետք է ապրի և մեծանա ընտանիքում` անկախ նրա առողջական կամ ֆիզիկական խնդիրներից, առավել ևս երբ այդ երեխաներից շատերը հետագայում ևկարողանում են և խոսել, և քայլել, և ինտեգրվել հասարակության մեջ, ինչին ականատես եղանք մենք: 
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը փաստում է, որ ի սկզբանե մանկատների երեխաներին աջակցելու խնդիր դրած չի եղել, քանի որ մայրիկները փորձել են սեր տալ միայն  ծննդատներում լքված երեխաներին, մինչդեռ կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ մայրական ջերմության կարիք ունեն նաև մանկատների երեխաները, ավելին` բարի մամաների շնորհիվ հնարավոր է դարձել ընտանիք վերադարձնել 30-ից ավելի երեխայի:  
7-ամյա Իզմայիլն այն բազմաթիվ փոքրիկներից է, ում կողքին մշտապես  գտնվում են բարի մամաները` ի դեմս Մարինա Ադուլյանի: Առողջական խնդիրներ ունեցող տղայից միայնակ մայրը չի հրաժարվել, սակայն ամիսներ առաջ աշխատանք գտնելու նպատակով ստիպված է եղել թակել բազմաթիվ պետական կառույցների դռներ՝ աջակցություն փնտրելով երեխայի ցերեկային խնամքը կազմակերպելու հարցում: Ցերեկային խնամքի կենտրոնները հրաժարվել են օգնել Վարդուհի Սահակյանին՝ պատճառաբանելով երեխայի խիստ անհանգիստ պահվածքը: Երևանի քաղաքապետարանում հուսահատ մայրիկին խորհուրդ տվեցին դիմել «Բարի մամա»-ին: Փոքրիկ Իզմայիլի հետ ծանոթության առաջին իսկ օրվանից կազմակերպության անդամ մայրիկներն այս ընտանիքի կողքին են, աջակցելով թե ֆինանսապես, թե բարոյապես: 
«Բարի մամայի» միջամտությամբ և աջակցությամբ այսօր փոքրիկ Իզմայիլը հաճախում է ցերեկային խնամքի կենտրոն, իսկ Վարդուհի Սահակյանն աշխատելուն զուգահեռ` վարսահարդի մասնագիտություն է ձեռք բերում և երեկոյան ժամերին տանը զբաղվում երեխայի խնամքով: 
Ծննդատներում լքված փոքրիկներին աջակցելու նպատակով միավորված բարի մայրիկները երեխաներից հրաժարված ծնողներին մեղադրելու փոխարեն մեկ մարդու պես շտապում են օգնել նրանց, թեկուզ առաջին անհրաժեշտության պարագաներով: 
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Բարի մաման դարձել է խնամքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնագիտացած Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հավատարիմ գործընկերն ու բարեկամը: 
Համագործակցության շրջանակներում կազմակերպության աջակցությամբ մանկատան երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: 
Ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների առօրյան անմոռանալի դարձնելու, նրանց հնարավորինս շատ սեր ու ջերմություն տալու համար բարի մամաները երազում են Երևան մոլում գործող այս բարի տնակը մի օր վերածել բազմահարկ մեծ տան, որտեղ մայրիկները կկարողանան ոչ միայն լքված երեխաների խնամքով զբաղվել, այլև մանկատան սաների համար տարբեր ուրախ միջոցառումներ կազմակերպել: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն