Մեկնարկել է «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր – սեղան քննարկումը


Մեկնարկել է «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր – սեղան քննարկումը

  • 20-02-2017 16:38:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահական նիստերի դահլիճում Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ իրականացվող «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր–սեղան քննարկումը, որին մասնակցում էին անվանի գիտնականներ, լեզվաբաններ, մտավորականներ: 
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նախարարը  կարևորեց լեզվի խնդիրների համակողմանի ուսումնասիրումն ու պահպանումը: Նա անդրադարձավ դասագրքերի լեզվական անաղարտության խնդիրներին, նշելով, որ դրանք այսօր սրբագրման, ճշգրտման, համակարգման կարիք ունեն և խնդրեց լեզվաբաններին ժամանակ գտնել այդ հարցերով զբաղվելու համար: Նախարարը մասնավորապես նշեց. «Լեզվական խնդիրների արծարծումը մասնագիտական համակողմանի մոտեցումներ է պահանջում, ուստի ողջունելի է ԳԱԱ լեզվի ինստիտուտի նախաձեռնությունը՝ Սփյուռքի նախարարության հռչակած՝ մայրենիին նվիրված շաբաթվա միջոցառումների շարքում կազմակերպել դպրոցական դասագրքերի լեզվական որակի վերաբերյալ քննարկումներ: Վստահ եմ՝ այս կլոր սեղան-քննարկումը իր նպաստը կբերի առկա խնդիրների լուծմանը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի տոնի առթիվ և մաղթում, որ կարողանանք մեր ոսկեղենիկ լեզուն պահել, պահպանել և փոխանցել սերունդներին»:
ՀՀ կրթության նախարար  Լևոն Մկրտչյանը ողջունեց դասագրքերի լեզվին նվիրված կլոր սեղան քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը և շեշտեց, որ լեզվի խնդիրները  կարիք ունեն լուրջ գիտական հետազոտության: Նա կարևորեց հստակ լեզվաքաղաքականությունը բոլոր ոլորտներում, հատկապես կրթական համակարգում:
Տեսաուղերձով քննարկման մասնակիցներին դիմեցին սփյուռքահայ անվանի գործիչներ Անուշ Նագգաշյանը, Հակոբ Պալյանը, Հիլդա Գալֆայանը, Երվանդ Զորյանը, Առդա Պօյնէրեան-Ճեպեճեանը, ովքեր խոսեցին լեզվի նշանակության և նրա` որպես ռազմավարական գործիքի վտանգվածության խնդիրների, լուծման ուղիների վերաբերյալ և իրենց մտահոգությունը հայտնեցին:
Կլոր սեղան քննարկման մասնակիցները հանդես եկան ուշագրավ զեկուցումներով և առաջարկություններ ներկայացրին արդի լեզվամշակութային խնդիրների և դպրոցում հայոց լեզվի ուսուցման եղանակների, դպրոցական դասագրքերի լեզվի՝ իբրև լեզվական համակողմանի ունակությունների ու կարողությունների, գրական լեզվի անկաշկանդ ու արտահայտիչ կիրառելու հմտությունների ձևավորման միջոցի, նաև՝ առկա խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ծրագրի վերաբերյալ: 
Քննարկման մասնակիցների համար մայրենիին նվիրված ասմունքով ու երգով հանդես եկան Երևանի բժշկական համալսարանի հնդիկ, արաբ, պարսիկ, ինչպես նաև՝ սփյուռքահայ երիտասարդները:
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը խնդրեց քննարկման մասնակիցներին, որ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնեն Լեզվի ինստիտուտում գործող աշխատանքային խմբին՝ դրանք համակարգելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն