AFFA բարեգործական հիմնադրամը Մասիսում կառուցելու է առաջին ընտանեկան մարզական համալիրը


AFFA բարեգործական հիմնադրամը Մասիսում կառուցելու է առաջին ընտանեկան մարզական համալիրը

  • 29-03-2017 17:45:48   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Մասիս քաղաքում տեղի է ունեցել քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն ու Մասիսի Երիտասարդական կենտրոնի  պաշտոնական բացման միջոցառումը:
Նախագծերն իրականացնում են Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպությունը  և վերջինիս կողմից ստեղծված Մասիսի զարգացման հիմնադրամը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը, Մասիսի  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը,  Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: 
Մասիսում առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի ընթացքում տեղադրվող «ժամանակի պարկուճի» պարունակություն հանդիսացող խորհրդանշական նամակի հեղինակը Մասիսի Երիտասարդական կենտրոնի մասնակիցներն են: Մարզական  համալիրի անունը ևս ընտրելու են Երիտասարդական կենտրոնի երեխաները. Այդ նպատակով 2017  թվականի ապրիլին կհայտարարվի Մարզական  համալիրի անվան լավագույն առաջարկի մրցույթ:
Նշվում է, որ ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա  երկու  մարզահրապարկներ, մանկական հրապարակ,  բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի  շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:
Մարզական համալիրը նախագծված է ունիվերսալ դիզայնի և հասանելի միջավայրի ապահովման սկզբունքներին համապատասխան: Այն հարմարեցված է նաև սահամանփակ  կարողություններ ունեցող անձանց պահանջներին, որոնց համար նախատեսված են նաև հատուկ մարզասարքեր: Համալիրի բարեկարգված, կանաչապատ տարածքում կլինեն քաղաքացիների  հանգստի  համար տեղադրված նստարաններ: 
Adibekyan Family Foundation for Advancement (AFFA)  բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողության ընթացքում իր ելույթում, մասնավորապես, նշել է. 
«Մենք շատ ուրախ ենք այսօր ազդարարել Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման մեկնակը: Մեր նպատակը՝ միայն մարզական համալիր կառուցելը չէ, այլ նաև՝ Մասիսի տարբեր տարիքի բնակիչներին միավորող մեկ ընդհանուր հարթակ ստեղծելն է:  Մենք ցանկանում ենք, որպեսզի այս մարզահամալիրը դառնա քաղաքի բնակիչների հանդիպման գլխավոր վայրերից մեկը, որտեղ մարդիկ կզբոսնեն, կզբաղվեն սպորտով, կշփվեն, կքննարկեն և կնախաձեռնեն Մասիսի կյանքը առավել լավ և երջանիկ դարձնելու նորանոր ծրագրեր»:
Ողջունելով միջոցառման հյուրերին՝  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իր հերթին նշել է. , որ նման մարզական ժամանակակից համալիրի ստեղծումը ևս մեկ քայլ է մասիսցիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ: 
Նրա խոսքերով` նոր մարզահրապարակը հնարավորություն կտա նրանց ազատ ժամանակը դարձնել և´ հետաքրքիր, և´ օգտակար:
Վերոնշյալ նախագծի իրականացումը ենթադրում է երկու փուլ. 2017 թվականի սեպտեմբերին  կբացվեն մարզական հրապարակները, իսկ համալիրի ամբողջական շինարարությունը կավարտվի 2018 թվականի հունիսին:
Մարզահամալիրի կառուցման  հիմնարկեքի արարողությունից հետո, միջոցառումը  շարունակվել է Մասիս քաղաքի Հանրապետության փ. 11 հասցեում, որտեղ տեղի է ունեցել Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացումը: Այն գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում 120  երեխա (մինչև  18 տարեկան): 
Կրթական կենտրոնի  շրջանակներում  անցկացվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների դասընթացներ, գործում են գրականության, աշխարհագրության, թատերական և քննարկման խմբեր, ինչպես նաև՝ երաժշտական խմբակ և կինոսիրողների ակումբ:   
Կենտրոնը նաև զբաղվում է Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված  սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջև կապերի ամրապնդմամբ: 
Կամավորական կենտրոնը ստեղծվել է քաղաքացիների ակտիվության, կամավորական նախաձեռնությունների և  հասարակական գիտակցության զարգացման նպատակով:
Մասիսի երիտասարդական կենտրոնը թողարկել է նաև ilovemasis.com քաղաքային հարթակը, որը տեղեկացնում է ինչպես Մասիսի զարգացման հիմնադրամի, այնպես էլ ամբողջ քաղաքի  գլխավոր իրադարձությունների և նորությունների մասին:  
Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն  Ստեփան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է. 
«Երիտասարդների հետ աշխատանքը մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկն է:  Մենք ձգտում ենք երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրության զգացում, հարգանք իրենց արմատների հանդեպ և հպարտություն սեփական երկրի համար: Մենք նաև շարունակում ենք զարգացնել կրթական ծրագրերը և սատարել Մասիսի կյանքի բարելավմանն ուղղված կամավորական նախաձեռնություններին»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն