Գերմաներենով հրատարակված հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններից կազմված գիրքը ներկայացվեց նաև Երևանում


Գերմաներենով հրատարակված հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններից կազմված գիրքը ներկայացվեց նաև Երևանում

  • 05-04-2017 17:33:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հայաստանի սիրտը… բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» խորագրով գիրքը Գերմանիայի մի շարք քաղաքներում ընթերցողներին ներկայացվելուց հետո արդեն Հայաստանում է: Բանաստեղծուհի, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի հեղինակած գերմանալեզու գրքի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ նաև Երևանում` Հայաստանի Գրողների միությունում:
28 հայ ժամանակակից, միջին և երիտասարդ սերնդի գրողների լավագույն բանաստեղծություններից կազմված գիրքը 500 օրինակով տպագրվել է Գերմանիայում: Այն ներառում է հիմնականում սիրո, խոհափիլիսոփայական և քաղաքական թեմաներին նվիրված ստեղծագործություններ: 
Ինչպես գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրքի բովանդակությունը շատ բազմազան է, քանի որ գրքում տեղ են գտել նաև հայ մեծերի կենսագրականներից հատվածներ:   
«Այս գիրքն ունի մեծ նշանակություն ոչ միայն պոեզիա ներկայացնելով, այլև ես որքան ծանոթացա, ներկայացված է հայկական գրականության պատմությունը` Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը, ինչպես նաև մեր ժողովրդի ամենադառը պատմական անցքերը, հենց ցեղասպանության մասին, բազմաթիվ այլ տեղեկություններ»,- ասաց նա` հավելելով, որ վերոնշյալ գրքի կարևորությունը նաև նրանում է, որ տարածվելու է գերմանական ընթերցողական շրջանում: 
Է. Միլիտոնյանի փոխանցմամբ` «Հայաստանի սիրտը… բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» խորագրով գիրքը մարտի 17-ին արդեն իսկ ներկայացվել է Լայպցիգի գրքի տոնավաճառին, այնուհետև տարեվերջին ցուցադրվելու է Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում: 
Բանաստեղծուհի, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի խոսքերով` բանաստեղծությունների ընտրությունը կատարել է իր գերմանացի գործընկեր Հելմուտ Մալումեքը, հաշվի առնելով այդ ստեղծագործությունների հեշտ թարգմանությունը, հետևաբար գրքում չընդգրկված գրողների ստեղծագործությունները ոչնչով վատը չեն գրքում ընդգրկվածներից: 
«Սկզբում նախատեսել էին գիրքը հրատարակել և հայերեն, և գերմաներեն լեզուներով, սակայն այդ դեպքում այն շատ հաստ էր ստացվելու, ինչը բարձրաձնելու էր գրքի արժեքը և չէր վաճառվելու»,- պարզաբանեց նա` հավելելով, որ գերմանացի հրատարակիչն անձամբ է գրքի կազմի դիզայնը: 
Ա. Մկրտչյանի փոխանցմամբ` «Հայաստանի սիրտը… բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» գրքի շնորհանդեսները մայիսին կազմակերպվելու են Բիսբադենում, Պոտսդամում, Բեռլնում, Բեռլինի հայկական համայնքում, ինչպես նաև պայմանավորվածություններ կան Համբուրգում, Քյոլնում, Վիեննայում, Շվեյցարիայում, Պրահայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում գիրքը ներկայացնելու հետ կապված: 
Միջոցառման ավարտին ՀՀ Սփյուռքի նախարարի հրամանագրով Ագապի Մկրտչյանին շնորհվեց պատվոգիր` հայ-գերմանական գրական կապերի զարգացման և հայ գրականությունը Գերմանիայում տարածելու գործում ունեցած ավանդի համար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն